Ադրբեջանում կրկին բարձրաձայնում են զինծառայողների ներքին օրգանների վաճառքի հարցը

Ոչ մարտական պայմաններում զոհված ադրբեջանական զինվորների ծնողներն ու հարազատները չեն վստահում իրենց զավակների մահվան պաշտոնական վարկածներին։
Ադրբեջանական «Ազգային խորհուրդ» ընդդիմադիր դաշինքի օգոստոսյան ցույցի մասնակից, կասկածելի պայմաններում զոհված զինծառայողների մայրերը մեկնաբանություններ են տվել ադրբեջանական լրատվամիջոցներին։

Ինչպես գիտենք, օգոստոսի 18-ին՝ Բաքվի ժամանակով 18։00-ի սահմաններում, Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական խմբավորումները, մասնավորապես՝ Ազգային խորհուրդը, քաղաքապետարանի արտոնությամբ ցույց էին կազմակերպել։ Ցույցին պատրաստվել էին նաև ոչ մարտական պայմաններում, կասկածելի հանգամանքներում զոհված կամ սպանված զինծառայողների մայրերը։ Ոստիկանությունը խոչընդոտել էր իրենց զոհված որդիների լուսանկարներով դեպի ցուցարարները գնացող կանանց տեղաշարժը, նրանցից մեկն էլ ուշագնաց էր եղել։

Զինվորների մայրերին բռնությամբ ոստիկանական մեքենաներով տեղափոխել են ցույցի վայրից հեռու, ապա իջեցրել մեքենայից ու հեռացել։
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հայտնի է դարձել, որ զինվորների մայրերին ձերբակալած ոստիկանները պահանջել էին նրանցից անհապաղ հայտնել այն անձի անունը, ով խորհուրդ է տվել գալ ընդդիմադիրների ցույցի։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական մասնաճյուղի լրագրողին հաջողվել է պարզաբանումներ ստանալ հենց զոհված զինծառայողների ծնողներից։ Նրանք հաստատել են ոստիկանների կողմից իրենց առաջադրվող հարցերի մասին տեղեկությունը։ Բացի այդ, զոհված զինծառայողներ Իսմայիլ Իբաևի և Պարվիզ Իսքենդերլիի մայրերը լրագրողին հավաստիացրել են՝ իրենց զավակներին «մահվան են հասցրել ներքին օրգանների հանման միջոցով»։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Ադրբեջանի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը, մեկնաբանելով վերոհիշյալ տեղեկությունը, բացառել է այդպիսի դեպք՝ հավաստիացնելով՝ «մահացած զինվորների ներքին օրգանների մի մասն է հանվել, այն էլ՝ զուտ մահվան պատճառը ստույգ իմանալու նկատառումներից ելնելով»։ Այնուհանդերձ, Ջաֆարովը զրույցը եզրափակել է բազմանշանակ նախադասությամբ. «Ես չեմ քննադատում զինվորների մայրերին այդպիսի մտքեր արտահայտելու համար. չէ՞ որ ի սկզբանե նրանց ամբողջ ճշմարտությունը չի ասվել իրենց զավակների մահվան վերաբերյալ»։

Ջաֆարովի տեսակետն ընդհանուր առմամբ կիսել է նաև Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն։

Հիշեցնենք, որ դեռևս 2012-ի հոկտեմբերին զոոհված Իբաևի ծնողները մամուլի ասուլիս էին հրավիրել՝ կրկին բարձրաձայնելով՝ իրենց որդուն սպանել են նրա օրգանները վաճառելու նպատակով։ Իսմայիլ Իբաևը զորակոչվել է 2012-ի ապրիլին և ծառայել Ադրբեջանի ՊՆ Նախիջևանի զորմասերից մեկում:

Ինչ վերաբերում է Պարվիզ Իսքենդերլիի մահվան դեպքին, ապա վերջինս, համաձայն պաշտոնական վարկածի, կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 2012-ի հուլիսի 14-ին։ Զինծառայողի մահվան առնչությամբ մեղադրանքներ են ներկայացվել նույն զորամասի ծառայակիցներից 4-ին։ Ձերբակալվածների հարազատները մինչ օրս պնդում են, որ զինծառայողները մեղավոր չեն, պարզապես «ՊՆ-ին մեղավորներ էին անհրաժեշտ, գործը սկզբից մինչ վերջ սադրանք է»։

Սեպտեմբերի 17-ին զոհված զինծառայողների մայրերի հայտարարության առնչությամբ մեկնաբանություն է տվել Ադրբեջանի՝ զինված ուժերի ժողովրդավարական-քաղաքացիական վերահսկողության հանձնաժողովի նախագահ, իրավապաշտպան Ալեքպեր Մամեդովը։ Նա նախ հայտարարել է, որ ոստիկանները կարող են այլևս չփնտրել, ինքն անձամբ է խորհուրդ տվել զոհված զինվորների հարազատներին ներկա լինել օգոստոսի 18-ի ցույցին։

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն դատական հայց է ներկայացրել Մամեդովի դեմ, որը 2012-ից զբաղվում է Իբաևի ու Իսքենդերլիի գործերով, ապա հնչել են լուրջ սպառնալիքներ, ուստի Մամեդովը հարկադրված է եղել իր ընտանիքի հետ լքել Ադրբեջանը։

Նա Ջաֆարովի ու Սաբիրօղլուի մեկնաբանությունները որակել է «նախընտրական շրջանում լարվածություն չստեղծելու և հանրության ուշադրությունը կարևոր խնդրից շեղելու փորձ»։

«Ջաֆարովի այն պնդումը, որ Իբաևի օրգանները հանվել են մահվան պատճառը պարզելու համար, անհիմն է, քանի որ դեռ այն ժամանակ Իբաևի ծնողների պահանջով՝ դիահերձումը կատարվել էր մահվանից 39 օր անց։ Դիահերձումը ցույց է տվել՝ բացակայում են սիրտն ու լյարդը, իսկ ՊՆ-ից վկայում էին՝ իբր լյարդն ու սիրտը «նեխել են»։ Ցանկացած մասնագետ կհաստատի, որ ներքին օրգանները չեն կարող նեխել 39 օրվա ընթացքում: Անդրադառնալով Սաբիրօղլուի այն պնդմանը՝ իբր հանումից հետո մարդկային օրգանները պիտանի են կիրառման միայն 5 րոպե, ինձ զարմանք է պատճառում ՊՆ խոսնակի նման անտեղեկացվածությունը։ Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս մարդկային օրգանները կենսունակ պահել ավելի քան 12 ժամ»,-ընդգծել է Մամեդովը։

Իրավապաշտպանը լրագրողին հայտնել է, որ Արևմտյան Եվրոպայում գործում է «Ադալյաթ» («Արդարություն») անունը կրող կազմակերպություն՝ Գաբիլ Ռզաևի գլխավորությամբ։ Վերջինս ստեղծել է հատուկ հանձնաժողով՝ Ադրբեջանից մարդկային ներքին օրգանների ապօրինի դուրսբերման դեպքերի հետաքննության նպատակով։ Մամեդովը չի բացառել, որ զինծառայողների օրգանների վաճառքի դեպքերը ևս կլինեն ուշադրության կենտրոնում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *