ԱՄՆ զինված ուժերի զորավարժության ժամանակ ծովային հետևակի զինծառայող է մահացել։ Շարքային Նիկոլաս Ջեյմս Սելը մահացել է տանկի ներսում բռնկված հրդեհի պատճառով. նա չի կարողացել ժամանակին դուրս գալ տանկից։
Դեպքը եղել է Կալիֆոռնիա նահանգում անցկացվող զորավարժության ժամանակ։ ԱՄՆ ծովային հետևակի ամենամյա խոշոր զորավարժություններն անցկացվում են «Թուենթինայն Փալմս» ռազմաբազայի տարածքում՝ մի քանի հազար զինծառայողների մասնակցությամբ։
Տանկում բռնկված հրդեհից ևս 4 զինծառայող է տուժել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում, փոխանցում է Hi-Desert լրատվակայքը։
Հրդեհի բռնկման պատճառների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։ 21-ամյա շարքային Նիկոլաս Ջեյմս Սելը ծառայում էր ծովային հետևակի կորպուսի առաջին դիվիզիայում։ Նա զինված ուժերում էր արդեն երկու տարի՝ հասցնելով կարճ ժամկետով ծառայել նաև Աֆղանստանում։