ԱՄՆ հատուկ ծառայությունները պատվիրել են «Սքան Իգլ» (ScanEagle) անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հավելյալ խմբաքանակ։
ԱՄՆ ՊՆ-ն Boeing ընկերության հետ կնքել է 300 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր՝ Insitu ScanEagle մարտավարական ԱԹՍ-ների տրամադրման և դրանց շահագործման համար անհրաժեշտ տեխնիկական սպասարկման վերաբերյալ։
Պայմանագիրը ենթադրում է նաև մասնագետների պատրաստում, ԱՄՆ ՌԾՈւ հին ԱԹՍ-ների փոխարինում նոր նմուշներով, պահեստամասերի տրամադրում։ Ըստ պայմանագրի՝ աշխատանքներն ամբողջությամբ պետք է ավարտին հասցվեն 2016-ի սեպտեմբերին։
Հիշեցնենք, որ Boeing ընկերությունն առաջին պայմանագիրը կնքել է 2009-ի մայիսին ԱՄՆ հատուկ գործողությունների ուժերի հրամանատարության՝ (US Special Operations Command) հետ, 5 տարի ժամկետով։ Պայմանագրի արժեքն է 250 մլն դոլար։
Հավելենք, որ «Սքան Իգլ» ԱԹՍ-ն ունի 1,2 երկարություն, թևերի բացվածքը՝ 3 մ, թռիչքի է արձակվում պնևմատիկ ինքնանետիչից, կատարում է ավելի քան 20 ժամ տևողությամբ թռիչք մինչև 3000 մ բարձրության վրա։ ԱԹՍ-ն օժտված է օպտիկական-էլեկտրոնային, ինֆրակարմիր տեսախցիկներով, որոնք օպերատորներին հնարավորություն են ընձեռում հետախուզել ինչպես ստատիկ, այնպես էլ շարժվող թիրախների։ Այս ԱԹՍ-ների փրկման նպատակով կիրառվում է ցանցով օդում որսալու «Սքայհուք» համակարգը։