Նիդեռլանդները վերջնականապես որոշել է ձեռք բերել F-35A կործանիչներ։ Հոլանդացիները նախատեսում են գնել հինգերորդ սերնդի 37 միավոր ինքնաթիռ, տեղեկացնում է Defense News ռազմական կայքը։
Հոլանդական կողմը պատրաստվում է առաջիկա տարիների ընթացքում F-35A կործանիչներով փոխարինել ներկայիս F-16-երը։
Նշենք, որ Նիդեռլանդները մի քանի տարի քննարկում էր F-35A կործանիչներ ձեռք բերելու հարցը, սակայն վերջնական որոշում կայացնել այդպես էլ չէր հաջողվում։ Եվ միայն օրերս պաշտոնապես որոշվել է ձեռք բերել F-35A-ներ։
Ամերիկյան Lockheed Martin ընկերության մշակած հինգերորդ սերնդի Lockheed Martin F-35 Lightning II կործանիչների ստեղծման աշխատանքներին և ֆինանսավորմանը մասնակցել են Միացյալ Նահանգները, Կանադան, Դանիան, Նորվեգիան, Միացյալ Թագավորությունը, Իսրայելը, Իտալիան, Թուրքիան, ինչպես նաև Հոլանդիան։
Առաջին թռիչքը կատարել է 2006 թվականին։ Մեկ միավորի մոտավոր արժեքն է 153 մլն ԱՄՆ դոլար։
F-35A կործանիչը F-35-երի ավելի թեթև տարբերակն է։
Pingback: Յուղի արտահոսք՝ ամերիկյան F-35 կործանիչի շարժիչում | Ռազմ.info