Լեհաստանի իշխանությունները որոշում են կայացրել երկրի պաշտպանական-ռազմարդյունաբերական գրեթե բոլոր, ավելի քան 10 ընկերությունները միավորել պետությանը պատկանող Polska Grupa Zbrojeniowa համալիր ընկերության կազմում։
Այս մասին սեպտեմբերի 16-ին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Թուսկը։
Համաձայն «Ջեյնս» վերլուծական հանդեսի տեղեկությունների՝ նա հավաստիացրել է՝ այդ քայլով Լեհաստանն անցյալում կթողնի երկրի ռազմական ոլորտում խնդիրներ առաջացնող անհամաձայնությունները, որոնք մշտապես առկա էին պաշտպանական-ռազմական բնագավառի ընկերությունների միջև։
Թուսկը մանրամասնել է, որ Polska Grupa Zbrojeniowa համալիր ընկերության կազմում ներառվել են «Լեհաստանի պաշտպանական հոլդինգը», «Stalowa Wola» մետաղագործական գործարանը, թվով 11՝ ռազմական ոլորտի վերանորոգման աշխատանքների դաշտում մասնագիտացած ձեռնարկություններ։ Նա ընդգծել է, որ նշված ընկերությունների միջև ժամանակին սուր վեճեր են եղել։
Իր հերթին Լեհաստանի պաշտպանության նախարար Թոմաշ Սեմոնյակը հայտարարել է՝ այս քայլով ավարտին է հասցվում լեհական ընկերությունների ներքին հակամարտությունը, և երկրի պաշտպանական-ռազմական ձեռնարկությունները կենտրոնանում են համատեղ ուժերով ավելի կարևոր խնդիրներ լուծելու գոևծընթացի վրա։
Հիշեցնենք, որ 2011-ին իշխանության եկած Դոնալդ Թուսքի կառավարությունը սկսեց մեծ տեղ հատկացնել ռազմական ծախսերին՝ կոչ անելով արդիականացնել սպառազինությունը։ 2013-ի ռազմական բյուջեն արդեն կազմում է 9,5 մլրդ դոլար, որը 7%-ով ավել է 2012-ի համեմատ։ Դա մոտեցնում է Լեհաստանին ՆԱՏՕ այն չափանիշին, ըստ որի՝ ցանկալի է՝ անդամ երկրների ՀՆԱ 2%-ը զբաղեցնեն ռազմական ծախսերը։
Հավելենք նաև, որ ընթացիկ տարվա հուլիսին Հայաստանի կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկություններին: