ՌԴ ԱԳՆ-ն քննում է Սիրիայի կառավարության տրամադրած քիմիական հարձակման մասին նյութերը

Սիրիայի իշխանությունները ՌԴ դիվանագետներին են փոխանցել Դամասկոսի մերձակայքում քիմիական հարձակման վերաբերյալ իրենց ունեցած տեղեկություններն ու փաստաթղթերը։

Ինչպես հաղորդել է ներկայումս Դամասկոսում գտնվող ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, Սիրիայի կառավարությունը գնահատում է սեփական տեղեկությունների փաթեթը՝ որպես ապացույց Սիրիայում քիմիական հարձակման հարցում զինյալների պատասխանատու լինելու վերաբերյալ։

«Իտառ Տասս» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ ՌԴ ԱԳՆ-ն արդեն սկսել է տրամադրած նյութերի ուսումնասիրությունները։ Դեռևս չեն հայտնում, թե ինչ տիպի տվյալներ են տրամադրվել ռուսական կողմին, և թե որքան ժամանակ կպահանջվի՝ դրանց ուսումնասիրության համար։

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն իր հերթին առաջարկել է Սիրիայում քիմիական հարձակման դեպքը դիտարկել ու քննել՝ որպես Ղուտայում մասշտաբային սադրանքի հետևանք՝ ուղղված Սիրիայի հակամարտությանն արտաքին, միջազգային միջամտության արագացմանը։

Ելույթ ունենալով ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում, որը մեկնարկել է Նյու Յորքում սեպտեմբերի 17-ին, Չուրկինը հույս է հայտնել, որ Ղուտայի միջադեպը քննելուց հետո ՄԱԿ-ի փորձագետները կվերադառնան Սիրիա՝ ուսումնասիրելու նպատակով օգոստոսի 22-ին, 24-ին ու 25-ին Սիրիայի կառավարական զորքերի զինծառայողներին անհայտ նյութով թունավորելու դեպքը, ինչպես նաև մարտի 19-ին, ռուսական կողմի հիմնավորմամբ, զինյալների կողմից զարին նյարդակաթվածային գազով արկի նետումը Հալեպի վրա։

Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերի 16-ին հայտնի էր դարձել՝ ՄԱԿ-ի փորձագետները հաստատել են Սիրիայում նյարդակաթվածային զարին գազի կիրառումը: ՄԱԿ-ի պաշտոնական կայքում հայտնվել էր գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հայտարարությունը:

Ներկայացնելով զեկույցը ԱԽ-ին՝ վերջինս շեշտել է. «ՄԱԿ-ի փորձագետների առաքելությունը հանգել է այն եզրակացությանը, որ Ղուտայի շրջանում մեծ մասշտաբով կիրառվել է քիմիական զենք, հարձակման հետևանքով գրանցվել են մեծաքանակ զոհեր, հատկապես՝ խաղաղ բնակչության շրջանում: Փորձագետները հաստատել են, որ Դամասկոսի մերձակայքում օգտագործվել են «ցամաք-ցամաք» տիպի հրթիռներ՝ թունավոր զարին գազով»:

Բան Կի-Մունը խորհուրդ էր տվել քննել նաև Սիրիայում 3 մյուս վայրերի միջադեպերը, որտեղ ևս կասկածում են քիմիական զենքի կիրառման վերաբերյալ:
Փորձագետները լքել էին Դամասկոսն օգոստոսի 31-ին: Նրանք մինչ օրս զբաղված էին հավաքված տվյալների քննությամբ ու վերլուծությամբ: Հավաքել են ընդհանուր առմամբ դեպքի վայրից հողի, մարդկանց արյան ու մեզի անալիզներ, փնտրել են հարձակման ժամանակ կիրառված քիմիական զենքի մնացորդներ, հարցաքննել են տեղի վկաներին ու բժշկական անձնակազմին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *