Նախատեսվում է 2014 թվականին Ռուսաստանի զինված ուժերը համալրել Կալաշնիկովի նոր սերնդի ինքնաձիգներով։ Այս մասին «Էխո Մոսկվի» (Эхо Москвы) ռադիոկայանով հայտարարել է Ռուսաստանի ռազմաարդյունաբերության հանձնաժողովի ներկայացուցիչ Օլեգ Բոչկարևը։
Նա հավաստիացրել է, որ խոսքը ոչ միայն ինքնաձիգների, այլ նաև ատրճանակների, գնդացիրների և դիպուկահար հրացանների մասին։ Ըստ Բոչկարևի՝ սրանց թվում լինելու են նաև 5,45 մմ և 7,62 մմ տրամաչափի ԱԿ-12 ինքնաձիգներ։
Ըստ Բոչկարևի` այս նոր ինքնաձիգը պահպանել է դասական կառուցվածքը` ստանալով մի շարք կոնստրուկտիվ մշակումներ: Ընդհանուր առմամբ, ավտոմատ կրակի ժամանակ ունի ավելի մեծ խտություն և քիչ հետհարում:
Բացի այդ, պլանավորվում է ԱԿ-12-ի համար օգտագործել Պիկատինիի ձողիկ, որը հնարավորություն կտա ուժեղացնել ստանդարտ ինքնաձիգի հնարավորությունները, օրինակ` նշանոցներ ավելացնելով:
Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱԿ-12-ը 2013 թվականի կեսերից անցնելու է պետական փորձարկումների փուլ, որից հետո կհամալրի ռուսական ուժային կառույցները:
Տեղեկացնենք, որ ԱԿ-12-ի արտադրությունը սկսվել է դեռ 2011 թվականի կեսերից` «Իզմաշ»-ի գլխավոր կոնստրուկտոր Վլադիմիր Զլոբինայի ղեկավարությամբ: