ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2013» զորավարժությանը կմասնակցի նաև Հայաստանը

Հոկտեմբերի 7-11-ը Ռուսաստանի Չելյաբինսկի շրջանում կանցկացվի ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) անդամ պետությունների խաղաղապահների «Անխախտ եղբայրություն-2013» համատեղ զորավարժությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԶՈւ Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի օգնական, գնդապետ Յարոսլավ Ռոշուպկինը։

Ըստ Յարոսլավ Ռոշուպկինի՝ զորավարժությանը մասնակցելու են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկսատանի զորախմբերը։

Կենտրոնական օկրուգի ներկայացուցիչը նաև հավելել է, որ ՌԴ զորախումբը կազմված է լինելու Սամարայի առանձին մոտոհրաձգային խաղաղապահ բրիգադից։

Ըստ նախատեսված պլանի՝ զորավարժության մասնակիցները կնախապատրաստեն և կիրականացնեն տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության գործողություններ։
Նշենք, որ զորավարժությանը մասնակցելու են ավելի քան 2,5 հազար զինծառայող։

Ռազմինֆոյի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց, որ հայկական մոտ 50 հոգանոց զորախումբը նույնպես մասնակցելու է զորավարժությանը։
Տեղեկացնենք, որ ՀԱԿՊ ստեղծվել է ԱՊՀ երկրների կողմից 1992 թվականի մայիսի 15-ին։ Այժմ ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *