Սկսվել են սինգապուրյան Terrex (Թերեքս) անվավոր զրահափոխադրիչի փորձարկումները ԱՄՆ ծովային հետևակի համալրման համար:
Marine Personnel Carrier (MPC) ծրագրով նախատեսված է ԱՄՆ ծովային հետևակի համար գնել 579 միջին, լողացող, 8×8 ընթացամասով զրահամեքենա, որոնք թույլ կտան 2018-ին հասնել նախնական օպերատիվ պատրաստականության մակարդակի: Ենթադրվում է, որ ծովային հետևակի ամեն գումարտակում կունենա այս մեքենաներով համալրված մեկ վաշտ:
Նշված մրցույթի պահանջներով ձեռք բերվելիք զրահամեքենան պիտի ունենա ուժեղացված հակաականային պաշտպանություն, 20,4-ից մինչև 25 տոննա մարտական զանգված, առավելագույն արագությունը ջրում պիտի լինի առնվազն 11,1 կմ/ժ (6 հանգույց), ցամաքում՝ 105 կմ/ժ (65 մղոն/ժ):
ԱՄՆ սպառազինության մրցույթին մասնակցելու համար սինգապուրյան ST Kinetics ընկերության կողմից արտադրվող Terrex-ը ամերիկյան SAIC ընկերության հետ համատեղ հարմարեցվել է մրցույթի չափանիշներին:
Տարբեր գործողությունների համար նախատեսված Terrex զրահափոխադրիչը ունի 24 տոննա զանգված, անձնակազմը 2 հոգի է, կարող է տեղափոխել մինչև 11 դեսանտային: Զրահափոխադրիչի հատակը V-աձև է, ինչը ավելացնում է պաշտպանվածությունը ականների պայթյուններից: Սպառազինված է 7,62 մմ գնդացրով ու 40 մմ հրանոթով, կարող է տեղադրվել նաև այլ սպառազինություն: Խճուղով շարժվելիս մեքենայի առավելագույն արագությունը կարող է հասնել 105 կմ/ժ, իսկ ջրով՝ մինչև 10 կմ/ժ:
Արտադրված է մեքենայի 135 օրինակ, որոնք 2010-ից գտնվում են Սինգապուրի զինված ուժերի սպառազինության մեջ: Նախատեսված էր Սինգապուրի արտոնագրով մեքենան արտադրել նաև Թուրքիայում, սակայն մրցույթի արդյունքում մեքենայի թուրքական Yavuz (Յավուզ) տարբերակը չի ընդունվել: