Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարին կարող են հեռացնել

Ադրբեջանում մի շարք լրատվամիջոցներ օրերս լուրեր են տարածել, որ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Չինգիզ Մամեդովին շուտով պատրաստվում են ազատել զբաղեցրած պաշտոնից։

Պաշտոնական արձագանքներ դեռևս չեն եղել։

Հիշեցնենք, որ Մամեդովն Ադրբեջանի ամենախնդրահարույց գեներալներից է, և մեկ անգամ չէ, որ հայտնվել է սկանդալների կիզակետում։

Վերջին նմանատիպ միջադեպը գրանցվել էր սեպտեմբերի 3-ին, երբ երեկոյան Բաքվի «Սպայական տան» դիմաց մի խումբ քաղաքացիներ էին հավաքվել՝ փորձելով փակել Չինզիզ Մամեդովի ավտոմեքենայի ճանապարհը։

Ըստ աղբյուրների՝ ցուցարարների կուտակումների պատճառով փակվել է ավտոճանապարհը, և որոշ ժամանակով դադարեցվել է երթևեկությունը։ Պարզվել է՝ ցուցարարները ռազմական լիցեյի շրջանավարտների ծնողներն էին։ Նրանք բողոքել էին, որ Ջամշիդ Նախիջևանցու անվան ռազմական լիցեյում ուսում ստացած և այն ավարտած երիտասարդները հարկադրված են ևս մեկ անգամ քննություն հանձնել՝ բարձրագույն ռազմական դպրոց ընդունվելու համար։ Հավաքվածների թիվը նախնական տվյալներով քառասունին մոտ էր։

Հարցը պարզաբանելու նպատակով ծնողները ցանկացել են խոսել Չինգիզ Մամեդովի հետ, սակայն վերջինս, ականատեսների վկայությամբ, թափ է տվել ուսերը, ասել՝ ոչինչ անել չի կարող, ապա նստել է իր ավտոմեքենան։ Այնուհետև զայրացած ցուցարարները փակել են մեքենայի ճանապարհը։

Սեպտեմբերի 6-ին, ադրբեջանական «Ազադլըգ» թերթին հաջողվել էր պարզել՝ երբ ավտոմեքենայի ճանապարհը փակած ցուցարարները պահանջում էին հանդիպում Չինգիզ Մամեդովի հետ, փոխնախարարին ուղեկցող սպաներն անուշադրության էին մատնում այդ պահանջը, իսկ «ավտոշարասյան անվտանգության պատասխանատուն ցուցում էր տվել վարորդին քշել ցուցարարների վրա», ինչի հետևանքով էլ մի քանի քաղաքացիներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Վերոհիշյալ միջադեպից բացի, Մամեդովը ճաշկերույթների և հավաքների ժամանակ հաճախ է չափից շատ ալկոհոլ օգտագործում և իրեն վայել չի պահում։

Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ նրան այս պաշտոնում, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Առաջին բանակային կորպուսի հրամանատար Նիզամ Օսմանովը։

One response to “Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարին կարող են հեռացնել

  1. Pingback: Ադրբեջանի պաշտպանության նախարարը նոր տեղակալ ունի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *