Միացյալ Նահանգներն ուշացնում է Մեծ Բրիտանիային MQ-9 Reaper (ԷմՔյու-9 Ռիփեր) անօդաչու թռչող սարքերի տրամադրումը։
Մեծ Բրիտանիան պետք է առաջիկայում ստանար ԱԹՍ-ի վերջին խմբաքանակը՝ կազմված 5 MQ-9 Reaper-ներից։
Սակայն ամերիկյան General Atomics («Ջեներալ Աթոմիքս») ընկերությունը մի քանի ամսով ուշացնում է դրանց տրամադրումը բրիտանական կողմին՝ ԱԹՍ-ի կառուցվածքում որոշ տեխնիկական արդիականացումներ կատարելու անհրաժեշտության պատճառով, տեղեկացնում է ռուսաստանյան ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Մեծ Բրիտանիան MQ-9 Reaper-ների երկրորդ խմբաքանակը գնելու մասին հայտարարել էր 2009 թվականին։
MQ-9 Reaper-ներն ակտիվորեն կիրառվում են Աֆղանստանում ամերիկյան և բրիտանական զորախմբերի կողմից։
Ներկայում Մեծ Բրիտանիան իր տրամադրության տակ ունի 10 միավոր MQ-9 Reaper։
Այս հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվում է ամերիկյան General Atomics ընկերությունը։
ԱԹՍ-ն առաջին թռիչքը կատարել է 2001 թվականին, իսկ պաշտոնապես ներկայացվել է 2007 թվականին։ ԱԹՍ-ն ներկայում գտնվում է ԱՄՆ-ի, ինչպես նաև Իտալիայի և Մեծ Բրիտանիայի սպառազինության մեջ։
Մամուլում բազմիցս նշվել է ԱԹՍ-ների նկատմամբ Թուրքիայի և Գերմանիայի հետաքրքրության մասին։