Թուրք-ֆրանսիական ռազմական համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները

Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունում Ֆրանսիայում բազմաթիվ քաղաքական վերլուծությունների առիթ դարձավ, սակայն հարցը հետաքրքրություն էր ներկայացնում ոչ միայն քաղաքական, այլև ռազմական վերլուծաբանների համար` ի նկատի ունենալով Թուրքիայի և Ֆրանսիայի ռազմական համագործակցությունը և դրա հեռանկարները։

Մասնավորապես հարցին անդրադարձել են «Զենքի միջազգային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) մասնագետները։ Կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն 2003-2010թթ. ժամանակահատվածում Թուրքիային սպառազինություն մատակարարող երկրների ցուցակում եղել է 4-ը` 740 մլն. դոլար ծավալով (սպառազինության ներմուծման ամբողջ ծավալի մոտ 8.75%-ը), սակայն արդեն 2011-2014թթ. համար նախատեսվում էր, որ Թուրքիան Ֆրանսիայից կգնի միայն 280 մլն. դոլարի սպառազինություն (2.6%)։ Ինչ վերաբերում է 2003-2010թթ. ընթացքում կնքված խայմանագրերով նախատեսված գնումներին, ապա դրանց ծավալը շուրջ 600 մլն. դոլար է (4.24%)։

Թուրք-ֆրանսիական ռազմական համագործակցության այս ցուցանիշները բավականին համեստ են ԱՄՆ-ի, Գերմանիայի և Իսրայելի համեմատությամբ, որոնք 2003-2010թթ. եղել են Թուրքիայի հիմնական երեք մատակարարները համապատասխանաբար 2.5 մլրդ. դոլար, 2.48 մլրդ. դոլար և 1.382 մլրդ դոլար ծավալով։

Որպես թուրք-ֆրանսիական ռազմական համագործակցության կարևոր բաղադրիչ «ЦАМТО»-ի մասնագետները նշում են «A-400M» բեռնատար ինքնաթիռների նախագիծը։ Ծրագրի հիմնական մշակող Ֆրանսիան է, իսկ Թուրքիան մտադիր է 2014-2019թթ. ձեռք բերել 10 այդպիսի ինքնաթիռ։

Հարցականի տակ է նաև ֆրանս-իտալական «Եվրոսամ» ընկերության մասնակցությունը ՀՀՊ/ՀՕՊ համակարգեր գնման թուրքական մրցույթին։ «Եվրոսամ» ընկերությունն արդեն հասցրել էր համագործակցության պայմանագրեր ստորագրել թուրքական «Ասելսան», «Ռոկետսան» և «Այսաս» ընկերությունների հետ, իսկ ՀՀՊ/ՀՕՊ մրցույթային առաջարկի մեջ ընկերությունը ներառել էր նաև արտադրական ողջ տեխնոլոգիայի տրամադրումը Թուրքիային ու երրորդ կողմերին վաճառելու թույլտվությունը։ Այս պայմանները, կարելի է ասել, որ իդեալական էին Թուրքիայի համար, սակայն բացառված չի, որ Թուրքիան այժմ քաղաքական նկատառումներով հրաժարվի այդ ձեռնտու գործարքից։ Նշենք, որ ֆրանս-իտալական ընկերությունից բացի թուրքական մրցույթին մասնակցում են նաև ամերիկյան, ռուսական, չինական և իսրայելական ընկերություններ։

Աղբյուրները`
http://www.armstrade.org/includes/periodics/news/2012/0124/140011281/detail.shtml
http://www.armstrade.org/includes/periodics/news/2012/0124/114011275/detail.shtml

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *