ՄԱԿ-ի փորձագետների զեկույցը հաստատում է Սիրիայում զարինի կիրառումը

ՄԱԿ-ի փորձագետները հաստատել են Սիրիայում նյարդակաթվածային զարին գազի կիրառումը: Այս մասին հայտնի է դարձել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ներկայացվելիք զեկույցի առաջին էջից:

ՄԱԿ-ի փորձագետները՝ Սիրիայում

ՄԱԿ-ի փորձագետները՝ Սիրիայում

Ինչպես հաղորդում է AP լրատվական գործակալությունը, փաստաթուղթն ու եզրակացություններն ամբողջությամբ դեռևս չեն հրապարակվել:

Բացի այդ, լրատվական գործակալությունը լռում է՝ արդյոք փաստաթղթում խոսք է գնում քիմիական հարձակման համար պատասխանատու կողմի մասին:

Հավելենք նաև, որ ժամեր առաջ ՄԱԿ-ի պաշտոնական կայքում հայտնվել է գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հայտարարությունը:

Ներկայացնելով զեկույցը ԱԽ-ին՝ վերջինս շեշտել է. «ՄԱԿ-ի փորձագետների առաքելությունը հանգել է այն եզրակացությանը, որ Ղուտայի շրջանում մեծ մասշտաբով կիրառվել է քիմիական զենք, հարձակման հետևանքով գրանցվել են մեծաքանակ զոհեր, հատկապես՝ խաղաղ բնակչության շրջանում: Փորձագետները հաստատել են, որ Դամասկոսի մերձակայքում օգտագործվել են «ցամաք-ցամաք» տիպի հրթիռներ՝ թունավոր զարին գազով»:

Բան Կի-Մունը խորհուրդ է տվել քննել նաև Սիրիայում 3 մյուս վայրերի միջադեպերը, որտեղ ևս կասկածում են քիմիական զենքի կիրառման վերաբերյալ:

Փորձագետները լքել էին Դամասկոսն օգոստոսի 31-ին: Նրանք մինչ օրս զբաղված էին հավաքված տվյալների քննությամբ ու վերլուծությամբ: Հավաքել են ընդհանուր առմամբ դեպքի վայրից հողի, մարդկանց արյան ու մեզի անալիզներ, փնտրել են հարձակման ժամանակ կիրառված քիմիական զենքի մնացորդներ, հարցաքննել են տեղի վկաներին ու բժշկական անձնակազմին:

Նշենք, որ փորձագետների խմբի պարտականությունների մեջ չի մտնում քիմիական հարձակման մեղավոր կողմին որոշելը: Սակայն ինչպես AP լրատվական գործակալությանը հայտնել են ՄԱԿ-ում սեփական աղբյուրները, շատ հնարավոր է՝ զեկույցում խոսք գնա նաև հակամարտության՝ հարձակման համար պատասխանատու կողմի մասին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների համար Սիրիային հնարավոր հարված հասցնելուն առիթ է ծառայել օգոստոսի 21-ին Դամասկոսի Ղուտա շրջանում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Արևմտյան տերությունները քիմիական հարձակման պատասխանատու են համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն պաշտոնական Դամասկոսը, ինչպես նաև Մոսկվան, հերքում են սիրիական կառավարության մասնակցությանը միջադեպին՝ դրանում մեղադրելով Ասադի հակառակորդ զինյալներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *