Թուրքական կործանիչները կրակ են բացել սիրիական Մի-17 ուղղաթիռի վրա

Թուրքիայի զինված ուժերը կրակ է բացել Սիրիայի ռազմաօդային ուժերի Մի-17 ուղղաթիռի վրա և վայր գցել այն: Տեղեկությունը հաստատել են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբում ու երկրի կառավարությունում:

Մի-17-ի կործանման վայրը

Մի-17-ի կործանման վայրը

Ըստ թուրքական կողմի` Սիրիայի զինված ուժերի մարտական ուղղաթիռն առաջացել է դեպի Թուրքիայի տարածք տեղի ժամանակով 13:40-ի սահմաններում (երևանյան ժամանակով 14:40-ին): 45 րոպե անց ուղղաթիռը մտել է Թուրքիայի օդային տարածք և 2 կմ խորացել Հաթայ նահանգի (Ալեքսանդրեթ) Յայլադաղ շրջան, որտեղ Գյուվեչչի սահմանային հենակետն է տեղակայված:

Թուրքական զինուժի Միացյալ վերահսկողական ազդանշանային կենտրոնի զգուշացումից հետո Դիարբեքիրի ավիաբազայից օդ են բարձրացվել է 2 F-16 կործանիչ, որոնք 14:27-ին հարված են հասցրել Մի-17-ին:

Ուղղաթիռը վայր է ընկել Սիրիայի տարածքում` Թուրքիայի սահմանից 1 կմ հեռավորության վրա:

Սիրիական պաշտոնական լրատվամիջոցները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը:

Թուրքիայի ՌՈւ ՌՏԿ-ի տվյալները

Թուրքիայի ՌՈւ ՌՏԿ-ի տվյալները

Թուրքիան վերջին շաբաթներին Սիրիայի հետ սահմանին կուտակում է անձնակազմ, զրահատեխնիկա, հրետանի, ինչպես նաև ուժեղացնում ՀՕՊ համակարգը և պաշտպանական կառույցները։ Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Հաթայ նահանգում թուրքական կողմը ռազմաբազա է կառուցում։

Թուրքիայի կառավարությունը Սիրիա լիարժեք ներխուժման հիմնական կողմնակիցներից է։ Սիրիական քաղաքացիական պատերազմի սկզբից պաշտոնական Անկարան համակողմանի աջակցություն է ցուցաբերում այդ երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող զինյալներին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների համար Սիրիային հնարավոր հարված հասցնելուն առիթ է ծառայել օգոստոսի 21-ին Դամասկոսի Ղուտա շրջանում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Արևմտյան տերությունները քիմիական հարձակման պատասխանատու են համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն պաշտոնական Դամասկոսը, ինչպես նաև Մոսկվան, հերքում են սիրիական կառավարության մասնակցությանը միջադեպին՝ դրանում մեղադրելով Ասադի հակառակորդ զինյալներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *