Նախիջևանում մահացած զինվորի մայրը չի հավատում ինքնասպանության վարկածին

2013-ի սեպտեմբերի 5-ին հայտնի էր դարձել, որ Նախիջևանի ինքնավար հանրապետության ԶՈւ-ն ոչ մարտական կորուստ է ունեցել։ 25-ամյա զինծառայողՍավեդդինով Իմրան Շոհրեթ օղլուի դին հայտնաբերել են Սահմանապահ պետական ծառայության զորամասերից մեկի մոտ կանգնած բեռնատար մեքենայում։ Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական մասնաճյուղի փոխանցմամբ՝ զինվորը մահացել է սեպտեմբերի 4-ին։

Իմրանի մորը՝ Ազիզա Շավեդդինովային, որդու զորամասում հայտնել են, որ վերջինս ինքնասպանություն է գործել։ Սակայն Շավեդդինովան ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է, որ չի հավատում այդ վարկածին, քանի որ որդու հետ խոսել է նրա մահվանից 3 օր առաջ։

Մոր խոսքերով՝ վերջին շրջանում յուրաքանչյուր հեռախոսազրույցի ժամանակ Իմրանը խնդրում էր իրեն զորամաս գալ, ինչ-որ բան ձեռնարկել, որպեսզի իրեն տեղափոխեն մեկ այլ զորամաս, իսկ մինչ տեղափոխությունը որոշակի գումար ուղարկել իրեն։ Զինծառայողը հավաստիացնում էր, որ այլևս անհնար է դիմակայել։

«Ազատություն» ռադիոկայանի տեսագրությունից դատելով՝ մայրը որոշել է ի ցույց դնել որդու նամակները, որտեղ վերջինս բողոքում է հրամանատարական կազմից՝ վկայելով, որ իրենից 200 մանաթ (256 ԱՄՆ դոլար) գումար են պահանջում, այլապես ծեծի կենթարկեն։

Իմրանը սոցիալապես անապահով ընտանիքից էր և չէր կարող նման գումար տալ։

Հիշեցնենք, որ միջադեպի հետաքննությունը ներկա դրությամբ դեռևս շարունակվում է։ Պաշտոնական հայտարարություններ չեն հնչել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *