Զինվորները սովորում են ազգային ռազմապարեր (ֆոտո, վիդեո)

Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԶՈւ կապի զորքերի կազմավորման 21-ամյակի օրը ՊՆ զորամասերից մեկում «Պարենք հայերեն» նախաձեռնությունը զորամասի հրամանատարության հրավերով կազմակերպել էր ազգային պարերի ուսուցման բաց դաս։

Զինվորները սվորում են ազգային պարեր

Զինվորները սվորում են ազգային պարեր

Նախաձեռնության կազմակերպիչներից Տաթև Տոնոյանը նշում է, որ զորամասերում մարտական ոգին բարձր պահելու համար շատ կարևոր է հատկապես ռազմապարերի դերը։

«Արցախյան պատերազմի ժամանակ էլ տղերքը երգ ու պարով որոշակի հոգեվիճակ էին ստեղծում, որն օգնում էր դիմակայելու պատերազմական դաժան փորձություններին: Ինչպես Բեկորն էր ասում՝ «Հայոց ամենաուժեղ զենքերից մեկն էլ հայ երգն է, էդ երգով նաև պիտի թուրքին հաղթենք»։ Կարող ենք ավելացնել նաև պարը »,- բացատրում է Տաթև Տոնոյանը։

Քերծի. նախաձեռնության անդամները սվորեցնում են պարել

Քերծի. նախաձեռնության անդամները սվորեցնում են պարել

Զորամասի դարպասներից այն կողմ զինվորներն էին, ովքեր արդեն սպասում էին նախաձեռնության անդամներին։

Լսելով պարերի անունները՝ «Մշո խըռ», «Կարնո քոչարի» միանգամից ամեն մեկի մոտ իր արմատների կանչն էր արթնանում։

Երբ ծայր առավ «Մշո խըռը», զինվորներն այնքան էին ոգևորվել, այնքան արագ էին սովորում, կարծես միշտ էլ պարն իմացել են, պարը նրանց արյան մեջ է եղել, ուղղակի պետք էր արթնացնել։

Մշո խըռ.  սովորում են միասին

Մշո խըռ. սովորում են միասին

Տղաներից մեկը պարում ու անընդհատ կրկնում էր՝ «Մշեցի եմ է՜, մշեցի, ո՞նց կարող եմ Մշո խըռ չպարել»։

Մի քանիսն էլ մոտենում ու փորձում էին պարզել, թե է՞լ որտեղի պարեր կան։ Մի զինվոր, փոքր-ինչ նեղսրտած մոտեցավ ու հարցրեց. «Չեմ հասկանում՝ Ղարսեցոնց պար չկա, ես արմատներով Ղարսից եմ, ուզում եմ իմ պապերի պարն իմանալ»։

Զինվորները պարում են Մշո խըռ

Զինվորները պարում են Մշո խըռ

Ու այդ պահին պարզ էր, որ նրանցից յուրաքանչյուրն իրենն իմանալու, իր ազգայինը պահելու մեծ ցանկություն ունի։
Իրավիճակն ավելի էր թեժանում, երբ նախաձեռնության անդամները ռազմապարեր էին սովորեցնում։ «Յարխուշտայի» ժամանակ ոգու պակաս չէր զգացվում։ Յարխուշտա» ռազմական խաղ-պարը տարածված է եղել Սասունում:

Պարի անվանումն ունեցել է տարբեր մեկնաբանություններ, որոնցից մեկն այն է, որ նշանակում է «զենքի ընկեր»: «Յար» պարսկերեն նշանակում է «սիրեցյալ», «ընկեր», իսկ «խըշտ», «խըշտիկ»` «կարճ նիզակ», «զենք»: «Հե՜յ-հե՜յ»-երին միանում էին զինվորների ձայներն, ու պարն ամբողջանում էր։

Զինվորը սովորում է Յարխուշտա

Զինվորը սովորում է Յարխուշտա

Ռազմինֆոյի հետ զրույցում Տաթև Տոնոսյանը նշեց, որ, առհասարակ, նախաձեռնության նպատակը ավանդական պարերի տարածքումն է, որպեսզի ժողովրդի կենցաղ մտնի մաքուր ազգային պարը:

Ըստ Տաթև Տոնոսյանի՝ սա արդեն երկորդ անգամ է, ինչ իրենք այցելում են նույն զորամաս։ Նպատակ կա այցելությունները հաճախակի դարձնել։

«Պարենք հայերեն» նախաձեռնությունը զինծառայողների տոնական օրն ավելի գունավորեց։ Հայրենիքին իրենց պարտքը տվող զինվորը ևս մեկ անգամ հասկացավ, որ իրենց հիշում են, որ բանակ-հասարակություն կապը պահվելու է։

Պարում են հայերեն

Պարում են հայերեն

Ու ինչպես զինվորներից մեկն ասաց՝ «Յարխուշտան» կռիվ գնալուց առաջ որ պարել են, ճիշտ են արել, այ սա ուժ է տալիս, տեսեք, թե ոնց ենք ծառայելու»։

Նկարները՝ Սոսե Մուրադյանի

One response to “Զինվորները սովորում են ազգային ռազմապարեր (ֆոտո, վիդեո)

Մեկնաբանել ԱսյաՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *