Քարինտակն ադրբեջանցիների համար դարձավ «Արյունոտ ձոր»

1992թ. հունվարի 26-ի Քարինտակի ինքնապաշտպանական մարտը տևեց շուրջ 12 ժամ: Այն վճռորոշ մարտ էր, իսկ ավելի ուշ ադրբեջանցիների կողմից պետք է ստանար «Արյունոտ ձոր» անվանումը: Razm.info-ն ներկայացնում է Քարինտակի մարտերի մասնակից՝ գնդապետ Վահան Արսենյանի և Արկադի Տեր-Թադևոսյանի հուշերն այդ մարտից:

Շուշիի ժայռի տակ գտնվող Քարինտակի մարտերը վարում էր Վաղարշակ Առուշանյանը, սակայն այն վճռորոշ էր ազատագրված ողջ հատվածի համար, քանի որ Քարինտակի գրավումով ադրբեջանցիները նպատակ ունեին կիսել Արցախը և «ծրագրել հետագա հաղթանակները»: Իսկ մարտը վարելու նպատակով անձամբ էր Շուշի ժամանել Ադրբեջանի Պաշտպանության նախարար Մեհթիևը՝ նպատակ ունենալով գրավել Քարինտակը և երթով մտնել Ստեփանակերտ:

—Շուշիում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարարը պատրաստվում էր Նոր տարին դիմավորել Ստեփանակերտում: Հունվարի 26-ին որոշեցին գրավել Քարինտակը: Այդ ընթացքում մեր և նրանց կապը գտնվում էր խորհրդային կապուղու վրա և երկու կողմերս էլ գիտեինք նախագծվող գործողությունների մասին: Իմանալով ծրագրվող հարձակման մասին՝ Քարինտակի համար կազմում էինք մարտական պլան, հնարավորության սահմանում համալրվում էինք, կեղծ դիրքեր էինք հիմնում: Այն առաջին ուժեղ մարտն էր, քանի որ ջարդվեց Ադրբեջանի ՊՆ-ի գործողությունը, որը բավական երկար ծրագրվել էր նրանց կողմից,- Razm.info-ի հետ զրույցում ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը և ժպտալով հավելեց, որ նախարարն իր համակուրսեցին էր:

— Ես 1991թ. սեպտեմբերից Էջմիածնի ջոկատի հետ Հադրութում էի. հրամանատարն էր՝ Մանվել Գրիգորյանը: 1992թ. հունվարին Ստեփանակերտից Մանվել Գրիգորյանի հետ է կապնվում Արկադի Տեր-Թադևոսյանը և հայտնում, որ Քարիտակի ուղղությամբ ադրբեջանիցները լուրջ հարձակում են ծրագրում և մեր օգնությունն է պետք,- Razm.info-ի հետ զրույցում ասաց գնդապետ Վահան Արսենյանը, ով 1982-84թթ. որպես ռադիոմոնտաժող խորհրդային զորքերի կազմում եղել էր Սիրիայում և Լիբանանում: ” Արկադի Իվանիչը 10 օրով կանչել էր՝ ինձ, Շմայսին (Առաքել Մովսիսյան), Հայրոյին(Հայրապետ Նավասարդյան), Ղազարին՝ Մանվել Գրիգորյանի եղբորը: Ստեփանակերտում Արկադի Իվանիչն ասաց, որ կարևոր գործ կա, ինֆորմացիա ունենք, որ թուրքերն ուզում են տարբեր ուղղություներով շարժվել ու կիսել Ղարաբաղը՝ Հադրութով դուրս գալ:

Վահան Արսենյանի հավաստմամբ՝ այդ օրերին Հադրութը վերահսկվում էր Էջմիածնի ջոկատի կողմից(հրամանատար՝ Մանվել Գրիգորյան), որտեղ ջոկատի տղաները էական գործ էին արել՝ փորել էին գետնախորշեր, խրամատներ, թաքստոցներ, իսկ Քարինտակ կանչվել էին նաև նույն գործողություններն իրականացնելու համար:

—Մեզ ասացին, որ Քարինտակում պիտի կապի միջոցեր ապահովենք, խրամատներով ու գետնախորշերով զբաղվենք: Տեղում մեզ ցույց տվեցին մեր հիմնական անելիքը ու մենք գործի անցանք: Հստակեցվեցին խրամատների, գետնախորշերի, կեղծ դիրքերի վայրերը: Մենք մենակ չէինք, ողջ գյուղը մի մարդու պես գիշերը աշխատում էր, ցերեկը՝ մի քանի ժամ քնում: Բայց ամեն լուսաբացի զգոն էինք, որ կարող է հարձակում լինի: Երևի 50-80 հոգի հազիվ կլինեինք գյուղի ջոկատում: Այդ օրերի առաջարկեցինք երեխաներին հանել գյուղից: Ասացին՝չէ, ոչ մի երեխա դուր չի գա Քարինտակից:  Իսկ Մանվել Գրիգորյանը մեզ հետ էր կանչում Հադրութ, բայց Արկադի Իվանիչն ասաց, որ վճռորոշ մարտ է սպասվում, եթե պարտվենք՝ շատ բան կկորցնեն ու մենք գերադասեցինք մնալ Քարինտակում: Հունվարի 26-ի առավոտյան ժամը 6-ի կողմերն էր, պատրատվում էինք մի քիչ հանգստանալ, քանի որ գիշերները արթուն էինք մնում: Ես, Հայրոն ու Շմայսը  տան բակում կանգնած էինք, երբ մեկ ու մեջ կրակոցների ձայներ լսվեցին, մեկ էլ տեսնենք տրասիրներով սկսել են կրակել տան կտուրներում գտնվող անասնակերին ու տանիքներում հրդեհ է բռնկվել: Միանգամից բոլորս դիրքավորվեցինք, ամեն մեկս գիտեր, թե որն է իր տեղը ու թե որ կողմը պետք է պաշտպանի: Եթե այդ պահին կանանց էլ զենք տայինք՝ կկռվեին: Ադրբեջանցիները լեռից իջել էին ու մտնում էին Քարինտակ: Դե Շուշին Քարինտակի վրա է, բայց ներքևից ոնց հնարավոր էր՝ փորձում էինք լռեցնել նրանց: Շմայսը АГС-ով չգիտեմ որտեղ խփեց, մեկ էլ տեսնենք մի 50 մետր բոց բարձրացավ: Պարզվեց, որ գազի խողովակին է կպել: Հետո տղերքը պատմեցին,որ տարբեր հատվածներից բոցը տեսել են: Էդ խողովակը Գորիսին գազ էր մատակարարում. կարճ ասած՝ Գորիսի գազը մենք կտրեցինք(ժպտում է,- Ա.Կ.): Երեկոյան արդեն ամեն ինչ լռել էր: Մեր կողմից զոհվեց 22 ազատամարտիկ, իրանց կողմից այդպես երևի մի 200 հոգի՝  Ներքին գործերի առաջին գումարտակն էր, եթե չեմ սխալվում,- պատմեց Վահան Արսենյանը:

—Մարտից հետո պարզ դարձավ, որ ադրբեջանցիները Քարինտակում թողել էին 92 դիակ և զինտեխնիկան: Մենք զանգեցինք, ասացինք, որ իրենք դիակների հետևից գան, նրանց մեջ 18-20 տարեկան տղաներ էին, բայց նրանց հետևից չեկան: Մահացածների մոտից գտանք դեղատուփ, որտեղ ինչ-որ բան կար, հետագայում պարզեցինք, որ թմրանյութ էր,- նշեց Արկադի Տեր-Թադևոսյանը և անդրադառնալով այն հարցին, թե ճիշտ է արդյոք այն տեսակետը, որ մեր հաղթանակները սկսվեցին Քարինտակի մարտից՝ պատասխանեց. «Ո՛չ, մեր հաղթանակները սկսվեցին այն պահից, երբ մենք որոշեցինք, ոչ թե պաշտպանվել, այլ գրոհել և ազատել Տող գյուղը. դա 1991թ. հոկտեմբերի 30-ն էր»:

2 responses to “Քարինտակն ադրբեջանցիների համար դարձավ «Արյունոտ ձոր»

  1. Pingback: Արկադի Տեր-Թադևոսյան. «Մեր հաղթանակները սկսվեցին այն պահից, երբ մենք սկսեցինք գրոհել» | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *