Ռազմաշաբաթ. Թուրքիա. սեպտեմբերի 8-14

PKK-ն դադարեցնում է Թուրքիայից դուրսբերումը։ Սիրիայի սահմանին պատրաստությունը շարունակվում է։ Թուրքական ԱԹՍ-ը լուրջ խնդիրների առաջ է կանգնել։ Պայթյուն զորամասերից մեկում։ 1980 թվականի արյունալի հեղաշրջումից 33 տարի է անցել։ Մի շարք զորավարժություններ սեպտեմբերին։ Թուրք գեներալը՝ SEEBRIG-ի հրամանատար։

Թուրք զինծառայողները Հաթայ նահանգում

Թուրք զինծառայողները Հաթայ նահանգում

1. «Քրդստանի համայնքների միությունը» (KCK) հայտարարել է, որ Թուրքիայից PKK-ի դուրսբերումը դադարեցվում է, իսկ հրադադարի ռեժիմը, այնուամենայնիվ, կշարունակի գործել։ Քրդական ռազմաքաղաքական կառույցն իր այս որոշումը հիմնավորել է նրանով, որ Թուրքիայի կառավարությունը քրդական հարցում որևէ հստակ քայլ չի կատարել։

2. Սեպտեմբերի 12-ին լրացել է Թուրքիայում 1980 թվականի հեղաշրջման 33-րդ տարելիցը։ Ռազմինֆոն ներկայացրել է 33 տարի առաջ եղած իրադարձությունները։

3. Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարն այցելություններ է կատարում Սիրիայի հետ սահմանի մոտ գտնվող զորամասեր, ռազմաբազաներ, ինչպես նաև քաղաքացիական նշանակության կառույցներ։

4. Թուրքիան օրերս սկսել է Սիրիայի սահմանի մոտակայքում նոր ռազմաբազա կառուցել։ Բազան կառուցվում է Քել լեռան վրա, որը Սիրիային սահմանակիցՀաթայ (Ալեքսանդրեթ) նահանգում է։

5. Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 10-ին անվտանգությանը նվիրված արտահերթ ժողով է հրավիրել։
Վարչապետի նստավայրում անցկացված արտահերթ ժողովի հիմնական թեման եղել է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը։

6. Թուրքական «Անկա» (Anka) անօդաչու թռչող սարքի աշխատանքները կարող են զգալի դանդաղ ընթացք ստանալ, քանի որ խնդիրներ են ի հայտ եկել շարժիչներ մատակարարող ընկերության հետ։ Tielert ընկերությունն ուշացնում է Centurion շարժիչների մատակարարումը թուրքական կողմին, ինչի պատճառով զգալի ուշանում է նաև ԱԹՍ-ների պատրաստումը։

7. Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Սղերթ (Սիիրթ) նահանգի Էրուհ շրջանի Չըրփըլըի ժանդարմերիայի հենակետում սեպտեմբերի 8-ին պայթյուն է եղել, որի հետևանքով ծանր վնասվածքներ են ստացել երկու զինծառայողներ։

8. Բաքվում սեպտեմբերի 23-ից 27-ը նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ Eternity-2013 («Հավերժություն-2013») հրամանատարաշտաբային զորավարժություն, որի ժամանակ մասնակիցները համակարգչային տեխնիկայի միջոցով կփորձեն կատարելագործել նավթատարների և գազատարերի պաշտպանության հմտությունները։

9. Թուրքիայի և Ռումինիայի զինված ուժերի ՌՕՈւ համատեղ «Լույս-2013/2» զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Քոնիա նահանգի կործանիչների երրորդ ռազմաբազայի տարածքում սեպտեմբերի 9-ից 20-ը։

10. Թուրքիան մասնակցել է Նորվեգիայում կայացած ռազմաօդային ուժերի «Ադամանդե նետ» (Brilliant Arrow) որավարժությունը։ ՆԱՏՕ-ի զորավարժություն անցկացվել է Նորվեգիայի թագավորական ռազմաօդային ուժերի գլխավորությամբ Օրլանդ ավիաբազայում օգոստոսի 22-ից մինչ սեպտեմբերի 6-ը։

11. Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները մասնակցում են Չեխիայում ընթացող ՆԱՏՕ-ի «Ռամշտեյն ռովեր» (Ramstein Rover-2013 կամ Raro-2013) համատեղ զորավարժությանը։ Զորավարժությունն անց է կացվում Չեխիայի Նամեստ բազայի տարածքում։ Վարժանքները սկսվել են սեպտեմբերի 2-ին և շարունակվելու են մինչև սեպտեմբերի 20-ը։

12. Հարավ-արևելյան եվրոպական բրիգադի (ՀԱԵԲ կամ անգլերեն՝ SEEBRIG) հրամանատարությունը սեպտեմբերի 11-ին ստանձնել է Թուրքիայի ԶՈւ գեներալ-մայոր Հաքան Էսերը։ Բազմազգ ռազմական միավորման ներկայիս հրամանատար, գեներալ-մայոր Զդրավկո Պոպովսկին, ով ներկայացնում է ՆՀՀ Մակեդոնիան,հեռացել է զբաղեցրած պաշտոնից։

13. Բահրեյնի առափնյա անվտանգության ուժերը պատվիրել են թուրքական և բրիտանական ընկերությունների համատեղ արտադրության ARES 58 FPBպարեկային կատերներ։ Պատվերը կատարում են թուրքական «Արես շիփյարդ» (Ares Shipyard) նավաշինական ընկերությունն ու Մեծ Բրիտանիայում գործող BMT Nigel Gee դիզայներական գործակալությունը։

Ռազմաշաբաթը նաև

Հայաստանում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *