Ադրբեջանում զինծառայողը մահվանից ժամեր առաջ ֆեյսբուքում դժգոհել էր պետությունից

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Շամխորի բանակային կորպուսի Թովուզի շրջանի զորամասերից մեկի` 1994-ին ծնված զինծառայող Ասքերլի Անար Դաղըսթան օղլուի մահվան փաստը։

Ասքերլի Անար Դաղըսթան օղլու

Ասքերլի Անար Դաղըսթան օղլու

Նախնական տեղեկության համաձայն՝ նա մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակից։

Չնայած որ ներկա դրությամբ ընթանում է հետաքննություն, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ միջադեպը որակել են «ինքնասպանություն»։

Թեմայի առնչությամբ մեկնաբանություն է տվել Ադրբեջանում ռազմական փորձագետներից մեկը՝ Ուզեիր Ջաֆարովը:

Կոչ անելով ուշադրության կենտրոնում պահել բանակում ոչ մարտական կորուստների հարցը՝ Ջաֆարովը շեշտել է. «Սա հերթական դեպքն է, որի արդյունքում երևան են գալիս բանակում առկա խնդիրները, մասնավորապես՝ հրամանատարական կազմի անպատասխանատու վարքն ու պաշտոնատար անձանց անփույթ վերաբերմունքը սեփական պարտականություններին:

Ինչպե՞ս հասկանանք Ասքերլիի մահը. կրակն արձակվել է իրեն իսկ ամրակցված ինքնաձիգից, այսինքն՝ սա ինքնասպանությու՞ն է, թե՞ ինչ-որ մեկը մտածված կրակել է զինծառայողի վրա: Եթե ինքնասպանություն է, ապա մեղավորը հրամանատարներն են, ովքեր ժամանակին բավարար ուշադրություն չեն հատկացրել զինվորի խնդիրներին»:

Եզրափակելով զրույցը՝ փորձագետը, որպես իրավիճակից դուրս գալու ելք, առաջարկել է զարգացնել ռազմական փորձագետների ինստիտուտը, որպեսզի վերջիններս լուրջ աշխատանք տանեն զինծառայողների ու հրամանատարական կազմի հետ:

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ավելի ուշ պարզվեց՝ Ասքերլին Ֆեյսբուք սոցցանում բավականին ակտիվ կերպով վարում էր իր անձնական էջը: Մեծ թվով անձնական լուսանկարներից զատ՝ էջում կային զգալի թվով գրառումներ: Սեպտեմբերի 11-ին նա իր էջում գրել էր. «Ծառայությանս ավարտին մնացել է 111 օր»:

Միևնույն ժամանակ զինծառայողն էջում հրապարակել էր շիրմաքարին ծաղիկներ դնող աղջկա լուսանկար՝ մակագրելով «Միգուցե ինձ էլ մի օր փամփուշտը դիպչի»:

Ուշագրավ է Ասքերլիի՝ մահվանից ժամեր առաջ արված սոցցանցային գրառումը. «Զինվորներից մեկի մայրը մեծացրել է որդուն 18 տարի՝ վարձով բնակվելով հանդերձ, իսկ պետությունը չի կարողանում զինվորին անգամ 18 ամիս պահել: Սա կյա՞նք է»:

Դատելով Ասքերլիի գրառումներից՝ փորձագետ Ուզեիր Ջաֆարովի ենթադրությունները հիմնավոր են: Զինծառայողը դժգոհել է պետությունից ու պատկան մարմիններից:

One response to “Ադրբեջանում զինծառայողը մահվանից ժամեր առաջ ֆեյսբուքում դժգոհել էր պետությունից

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *