Վրաստանը Սիրիայում պատերազմելու ծրագրեր չունի. Ալասանիա

Սեպտեմբերի 12-ին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան Սիրիայում իրավիճակի վերաբերյալ վրացական կողմի դիրքորոշումը մեկնաբանելիս հայտարարել է, որ իրենք որևէ ռազմական գործողության մասնակցելու մտադրություն չունեն։

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

Սիրիայի շուրջ ստեղծված վերջին իրավիճակի կապակցությամբ Ալասանիան նշել է, որ «Մենք բոլորս ուրախ ենք, որ սիրիական հարցը փորձում են լուծել դիվանագիտական ճանապարհով… Վրաստանի պաշտպանության նախարարության ծրագրերում ռազմական որևէ գործողության մասնակցելու մտադրություն չկա»։

Նախարարի հավաստմամբ՝ իրենք ուշադիր հետևում են Սիրայում կատարվող իրադարձություններին։

«Անշուշտ, Սիրիայում տիրող իրավիճակը ազդում է տարածաշրջանային անվտանգության վրա։ Մենք ուշադիր հետևում ենք ընթացքին, աշխատում են նաև մեր հետախուզական մարմինները, իսկ միջազգային հետախուզական կազմակերպությունների հետ մեր համագործակցությունը խորացել է, որպեսզի Սիրիայի իրավիճակը և հյուսիսկովկասյան գործընթացների համահարաբերակցությունը չխախտվի»,- ընդգծել է Իրակլի Ալասանիան։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների համար Սիրիային հնարավոր հարված հասցնելուն առիթ է ծառայել օգոստոսի 21-ին Դամասկոսի Ղուտա շրջանում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Արևմտյան տերությունները քիմիական հարձակման պատասխանատու են համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն պաշտոնական Դամասկոսը, ինչպես նաև Մոսկվան, հերքում են սիրիական կառավարության մասնակցությանը միջադեպին՝ դրանում մեղադրելով Ասադի հակառակորդ զինյալներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *