Սեպտեմբերի 12-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հաստատել է, որ Սիրիայի իշխանություններից ստացել է քիմիական զենքի կիրառումն արգելող կոնվենցիային միանալու նպատակով կազմված փաստաթուղթը։
Ըստ կարգի՝ Սիրիայի համար այն ուժի մեջ կտնի 30 օր անց։
Համաձայն ՄԱԿ-ի պաշտոնական կայքի հաղորդած տվյալների՝ Սիրիայի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել փաստաթղթի ուղարկման պահից պահպանել ու հետևել կոնվենցիայի կանոններին։
Բան Կի-Մունը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն արդեն ստորագրել է քիմիական զենքն արգելող կոնեվնցիային միանալու Սիրիայի պատրաստակամության մասին ևս մեկ անգամ փաստող հրամանագիր։
Հիշեցնենք, որ քիմիական զենքի կիրառումը,արտադրությունն ու պահումն արգելող ու այն ոչնչացնելուն ուղղված կոնվենցիան ընդունվել է 1992-ի սեպտեմբերի 3-ին, ուժի մեջ է մտել 1997-ի ապրիլի 29-ին։ Ներկայումս կոնվենցիային են միացել 189 ՄԱԿ անդամ երկրներ, իսկ Իսրայելն ու Մյանման ստորագրել են, սակայն չեն վավերացրել այն: Սիրիայից բացի, այն չեն ստորագրել Եգիպտոսը, Հարավային Սուդանը, ԿԺԴՀ-ն ու Անգոլան:
Հավելենք, որ սեպտեմբերի 12-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր՝ «մոտ ժամանակներս իրենք կկազմեն ու ՄԱԿ-ին կուղարկեն քիմիական զենքի օգտագործման դեմ կոնվենցիային միանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը»:
AFP լրատվական գործակալությունը սեպտեմբերի 12-ին հաղորդել էր, որ ՄԱԿ-ից դեռևս հրաժարվել են մեկնաբանություններից՝ վկայելով՝ ներկա դրությամբ Սիրիայից ստացված փաստաթուղթը թարգմանում են, որպեսզի ամբողջական պատկերացում կազմեն դրա մասին: Միևնույն ժամանակ ՄԱԿ-ից չեն հերքել, որ Սիրիայի կողմից փաստաթղթի կազմումը և ուղարկումը ՄԱԿ-ին ինքնին նշանակում է՝ երկրի՝ քիմիական զենքն արգելող կոնվենցիային միացման գործընթացին ոչ պաշտոնական մեկնարկ է տրվել: