Սիրիան ՄԱԿ-ին ուղարկել է կոնվենցիային միանալուն վերաբերող փաստաթուղթը

Սիրիայի իշխանությունները ՄԱԿ-ին են ուղարկել մի փաստաթուղթ, որը վերաբերում է երկրի՝ քիմիական զենքի կիրառումն արգելող կոնվենցիային միանալուն:

AFP լրատվական գործակալությունը սեպտեմբերի 12-ին հաղորդում է, որ ՄԱԿ-ից դեռևս հրաժարվել են մեկանաբանություններից՝ վկայելով՝ ներկա դրությամբ փաստաթուղթը թարգմանում են, որպեսզի ամբողջական պատկերացում կազմեն դրա մասին: Միևնույն ժամանակ ՄԱԿ-ից չեն հերքել, որ Սիրիայի կողմից փաստաթղթի կազմումը և ուղարկումը ՄԱԿ-ին ինքնին նշանակում է՝ երկրի՝ քիմիական զենքն արգելող կոնվենցիային միացման գործընթացին ոչ պաշտոնական մեկնարկ է տրվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր՝ «մոտ ժամանակներս իրենք կկազմեն ու ՄԱԿ-ին կուղարկեն քիմիական զենքի օգտագործման դեմ կոնվենցիային միանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը»:

Նշենք, որ քիմիական զենքի օգտագործումն արգելող ՄԱԿ-ի կոնվենցիան ուժի մեջ է մտել դեռևս 1997-ին: Այն ստորագրող կողմը պարտավորվում է ոչնչացնել քիմիական զենքի իր ունեցած ամբողջ պաշարը՝ հետագայում չարտադրելով, չպահելով, չտարածելով ու չօգտագործելով այն: Ներկայումս կոնվենցիային են միացել 189 ՄԱԿ անդամ երկրներ, իսկ Իսրայելն ու Մյանման ստորագրել են, սակայն չեն վավերացրել այն: Սիրիայից բացի, այն չեն ստորագրել Եգիպտոսը, Հարավային Սուդանը, ԿԺԴՀ-ն ու Անգոլան:

Հավելենք, որ ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Աստանայում հայտարարել էր՝ Սիրիայի կառավարության՝ քիմիական պաշարների հանձնումը միջազգային հանրությանը հնարավոր է, եթե Արևմուտքը հրաժարվի ռազմական գործողություններ սկսելու մտքից։ Նա հույս էր հայտնել, որ Ժնևում կքննարկվի Սիրիայի քիմիական պաշարների հարցը՝ այդ շրջանակներում որոշում կայացնելով նաև հակամարտության խաղաղ լուծումների վերաբերյալ։

ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների համար Սիրիային հնարավոր հարված հասցնելուն առիթ է ծառայել օգոստոսի 21-ին Դամասկոսի Ղուտա շրջանում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Արևմտյան տերությունները քիմիական հարձակման պատասխանատու են համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն պաշտոնական Դամասկոսը, ինչպես նաև Մոսկվան, հերքում են սիրիական կառավարության մասնակցությանը միջադեպին՝ դրանում մեղադրելով Ասադի հակառակորդ զինյալներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *