«Եթե բոլորը» … խաղաղություն ցանկանան

«Ամենակարևոր հարցերում աշխարհի բոլոր մարդիկ պետք է միակարծիք լինեն: Եթե ցանկանան խաղաղություն լինի՝ կլինի: Սա մեր պոզիտիվ վերաբերմունքն էր մեր իրականությանը»,- այսօր, լրագրողների համար կազմակերպված «Եթե բոլորը…» ֆիլմի ցուցադրությունից հետո ասաց ֆիլմի սցենարիստ, պրոդյուսեր և գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանը (ֆիլմում՝ հրամանատար Գևորգ):

«Եթե բոլորը…». սա անավարտ նախադասություն է, որն ամեն կերպ կարելի է շարունակել, եթե դա միտված է մեր իրականությունը դրական դարձնելու և խաղաղ ապրելու համար: Նման համոզմունք հայտնեցին ֆիլմի ստեղծագործական խմբի անդամները:

Ֆիլմը պատմում է ՌԴ-ից Հայաստան եկած Սաշայի (դերակատար՝ Եկատերիա Շիտովա) մասին, ով եկել է հոր գերեզմանին կեչու շիվ տնկելու: Իսկ նպատակն իրականացնելու համար նա ակնկալում է հոր զինակիցների աջակցությունը:

Ինչպես պարզվում է ֆիլմի ընթացքում՝ Սաշայի հայրը պատահաբար չի հայտնվել Արցախում, այլ եկել է կնոջ՝ Լիլիթի հայրենիքը պաշտպանելու, ով ավելի ուշ տեղափոխվել է Սումգայիթ և ոճրագործության զոհ դարձել…

Ֆիլմը համեմված է նուրբ հումորով, ուժեղ և վառ արտահայտված դերակատարներով, ազգային տոներն ու ավանդույթները ներկայացնելով և, իհարկե, իրականության ոչ ցանկալի կողմերից փոքր-ինչ բողոքելով: Բողոքելով ոմանց կողմից արցախյան ազատամարտի մասնակիցների հանդեպ հարգանքի բացակայությամբ…

Չնայած, որ Սաշայի հոր գերեզմանը ադերբեջանական կողմում էր մնացել, սակայն Գևորգն ու Սաշան չէին կարող ճանապարհի կեսին կագն առնել…

Ֆիլմում ամեն ինչի դեպքում դիպուկ է «եթե բոլորը» արտահայտությունը, բայց որպես հիմնական առանցք կարելի է նշել՝ եթե բոլորը հրաժարվեն պատերազմից և խաղաղություն ցանկանան: Իսկ դերասաններից Վահագն Սիմոնյանը «Եթե բոլորը» խորագիրը գերադասեց բացել այսպես. «Եթե բոլորը կարողանային խավարը հայհոյելու փոխարեն մեկ մոմ վառել…»:

 Ֆիլմի նկարահանող խումբը նշեց, որ այն նկարահանվել է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, ինչպես նաև՝ ԼՂՀ նախագահի,  ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ և նվիրված է ՀՀ անկախության և Զինված ուժերի ստեղծման 20-ամյակին:

Նշենք, որ ֆիլմի պրեմիերան կկայանա հունվարի 27-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *