Ֆրանսիական TITUS զրահամեքենան ներկայացվեց Լոնդոնի ցուցահանդեսում

Լոնդոնի DSEI 2013 ռազմական ցուցահանդեսի ժամանակ ֆրանսիական Nexter Systems ընկերությունը ներկայացրել է իր նոր TITUS (Tactical Infantry Transport and Utility System) զրահավորված մեքենան:

Tatra-ի շասսիի հիմքի վրա նախագծված 6×6 ընթացամասով մեքենան MRAP (Mine-Resistant Ambush Protected – Ականային պայթյուններից ու դարանից հարձակումներից պաշտպանված) զրահապատ մեքենաների ու բազմասռնակ անվավոր զրահափոխադրիչների միջին տարբերակն է։ Նման ընթացամասը թույլ է տալիս խուսափել հիմնականում քառանիվ MRAP-ներին հատուկ ցածր անցանելիությունից։

TITUS զրահամեքենա

TITUS զրահամեքենան

Բազային TITUS մեքենայի քաշը 17 տոննա է, ուժեղացված զրահով մեքենայի քաշը հասնում է 23 տոննայի, իսկ ևս 4 տոննա արդյունավետ բեռնման դեպքում քաշը հասնում է 27 տոննայի։ Մեքենայի երկարությունը 7,55 մետր է, լայնությունը՝ 2,55 մետր, բարձրությունը՝ 2,73 մետր։

Բազային մոդելը ապահովում է ՆԱՏՕ-ի STANAG 4569 2-րդ մակարդակի պաշտպանություն, սակայն այն կարող է բարձրացվել մինչև 4Ա կամ 4Բ մակարդակի, միաժամանակ Nexter-ի SAFEPRO համակարգը ապահովում է անձնակազմի պաշտպանությունը 150 կգ ֆուգասի պայթյունի դեպքում։

Մեքենայի անձնակազմը 3 հոգի է, կարող է տեղափոխվել մինչև 10 դեսանտային։ Մեքենայի հանգույցային կառուցվածքը թույլ է տալիս նրա հիմքի վրա ստեղծել տարբեր նշանակության զրահամեքենաներ։

440 ձիաուժանոց 6 մխոցանի Cummins դիզելային շարժիչն ապահովում է մինչև 110 կմ/ժ արագություն։ կարող է տեղադրվել նաև 550 ձիաուժանոց շարժիչ։ Ավտոմատ տրանսմիսիան թույլ է տալիս ճանապարհներով շարժվելիս անջատել միջին սռնակը։ Երթի պաշարը 700 կմ է։

Լոնդոնում ցուցադրված TITUS-ի վրա տեղադրված է հեռակառավարվող Nexter ARX20 մարտական մոդուլ, որն իր վրա կրում է 20 մմ ավտոմատ թնդանոթ ու 7,62 մմ գնդացիր։ Տանիքի հետնամասում՝ աջ ու ձախ կողմերից, կան ևս երկու 7,62 գնդացիր տեղադրելու տեղեր։

Դեռևս պատրաստաված է TITUS-ի առաջին օրինակը։ Մեքենան պատրաստված է արտահանման համար, իսկ պատվերի դեպքում սերիական արտադրությունը կարելի է սկսել 2015 թվականին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *