1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայում արյունալի հեղաշրջում իրականացվեց

Այսօր լրանում է Թուրքիայում 1980 Սեպտեմբերի 12-ի հեղաշրջման 33-րդ տարելիցը։ Թուրքիայի նորագույն պատմության շրջադարձային կետերից մեկը համարվող հեղաշրջումը բերեց կարևոր զարգացումների և փոփոխությունների հարևան երկրում։

1960-ի մայիսի 27-ի և 1971 թվականի մարտի 12-ի հեղաշրջումներից հետո 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական միջամտությամբ  իշխանափոխությունը թվով երրորդ դեպքն էր հանրապետական Թուրքիայում, սակայն ոչ վերջինը։

Թուրքիա, հեղաշրջում

1970-ական թվականների վերջին Թուրքիայում ներքին վիճակը ծայրահեղ լարված էր։ Տարբեր քաղաքական հայացքներ ունեցող խմբերի միջև արյունալի բախումներ էին լինում, քաղաքական սպանությունները խիստ հաճախակի էին։ Փողոցներում թուրք ազգայնամոլները սպանում էին ձախաթևյան հայացքներով աչքի ընկնող անձանց, որոնք հաճախ նման կերպ էին պատասխանում։ Այս շրջանում օրական մեկ տասնյակից ավել մարդ էր սպասվում։

Թուրքիայում հասարակությունում  երկփեղկում էր. սոցիալիստները՝ մեկ ճամբարում, ազգայնականները՝ մյուս։  Իրավիճակն ավելի էր սրվում ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջամտությամբ, որոնք համապատասխանաբար փորձում էին աջակցել աջերին և ձախերին։

Այս ամենն ավելի էր հեշտացնում թուրք գեներալների գործը՝ իրականացնելու հեղաշրջումը, ինչը նրանց մոտ ավանդաբար բավական լավ է ստացվում։

1979-1980 թվականների ընթացքում թուրք գեներալները նախապատրաստում էին հեղաշրջման ծրագիրը, որը ստացել էր «Դրոշի գործողություն» և փորձում էին իրենց հարմար հասարակական կարծիք ձևավորել երկրում։ Վկայություններ կան, որ Թուրքիայի զինված ուժերի այս ծրագրերը զգալի աջակցություն էին ստանում Միացյալ Նահանգներից։

Այսպիսով, գրեթե բոլոր նախադրյալները կային, որպեսզի զինվորականներն անցնեին գործի  և իշխանությունն իրենց ձեռքը վերցնեին։

1980 օգոստոսի վերջին նիստ անցկացրած Թուրքիայի Գերագույն ռազմական խորհուրդը որոշեց  հեղաշրջում իրականացնել սեպտեմբերի 12-ին, ինչն էլ թուրքական զինված ուժերի հրամանատարությանը հաջողվեց։

Սեպտեմբերի 12-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Քենան Էվրենը, ով ղեկավրում էր Ազգային անվտանգության խորհուրդը (MGK), հեռուստատեսությամբ հայտարարեց հեղաշրջման մասին։ Սուլեյման Դեմիրելի կառավարությունն ու Թուրքիայի ազգային մեծ ժողովը ցրվեցին, երկրում ռազմական դրություն հայտարարվեց, ժամանակավորապես դադարեցվեց Սահմանադրությունը, փակվեցին բոլոր քաղաքական կուսակցություններն ու արհմիությունները։

Թուրք գեներալները հայտարարեցին, որ հեղաշրջման միջոցով ցանկանում են երկրում պահպանել քեմալիզմի և պետության աշխարհիկ հիմքերի սկզբունքները։ Թուրքիան անցավ MGK-ի ամբողջական իշխանության տակ, որը գործեց հետագա տարիներին ևս։

Այս ընթացքում Թուրքիայում սկիզբ առավ բռնաճնշումների, ձերբակալությունների, հալածանքների, սահմանափալումների, գրաքննության հսկա ալիք։ Այլախոհներին ենթարկում էին դաժանագույն կտտանքների, հետապնդվում էին ձախաթևյան և աջաթևյան գործիչները, ձերբակալությունների թիվը չափվում էր հարյուր հազարներով, տասնյակ մարդիկ մահապատժի էին ենթարկվում։

 

թուրքիա, հեղաշրջում

թուրքիա, հեղաշրջում

Այսպես, Մեկ միլիոնից ավել մարդ ցուցակագրվեց, 230 հազար մարդ անցնում էր քրեական գործերով, 517 մարդ մահապատժի ենթարկվեց, բանտերում և այլ վայրերում տանջանքներից մահացավ 400-ից ավել մարդ։ Լրագրողների դեմ քրգործերով նրանց համար պահանջվում էր ընդհանուր 3616 տարվա ազատազրկում։

Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում նաև հայեր, ստիպված էին լքել երկրի տարածքը կամ ուղղակի փախուստի դիմել։

1982 թվականին Թուրքիայում ընդունվեց նոր սահմանադրություն, իսկ նախագահ նշանակվեց Քենան Էվրենը։ 1982 թվականի նոյեմբերի 7-ին սահմանադրությունը դրվեց համընդհանուր հանրաքվեի և հավանություն ստացավ 92 տոկոսով։ Այն հետագայում ստացավ «ռազմական սահմանադրություն» անվանումը։

Երկու օր անց Թուրքիայի խորհրդարանը նախագահ ընտրեց Էվրենին, ով այդ պաշտոնը զբաղեցրեց մինչ 1989 թվականը։

Թուրքիայում մինչ օրս գործածության մեջ է 1982 թվականի սահմանադրությունը, որը, սակայն, մի շարք փոփոխությունների է ենթարկվել։ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ներկայում փորձում է նոր սահմանադրություն պատրաստել, որի միջոցով զգալի կսահմանափակվի զինվորականության դերը ներքին և արտաքին քաղաքական կյանքում։

Ընդհանրապես, «Արդարություն և զարգացում» չափավոր իսլամամետ կուսակցությունն իր իշխանության 10-ից ավել տարիներին վարում է գեներալների քաղաքական դերը սահմանափակելու վառ ընգծված քաղաքականություն, որը կարծես թե մինչ այս հաջողությամբ է ընթանում։ Դրա վառ ապացույցներից են Սեպտեմբերի 12-ի գործով դատավարությունը, որը սկսվեց 2011 թվականին, երբ սահմանադրությունում համապատասխան կետերի փոփոխությամբ հնարավոր եղավ հեղաշրջման կազմակերպիչներին պատասխանատվության կանչել։ Սակայն ներկայում այս գործով անցնող հեղաշրջման կազմակերպիչներից քչերն են ողջ մնացել, իսկ Էվրենն արդեն 96 տարեկան է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *