2013 թվականի սեպտեմբերի 18-27 Բելառուսում «Փոխհամագործակցություն-2013» ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժությանը մասնակցելու է նաև Հայաստանը։ Այդ առիթով հայկական զորախումբն արդեն մեկ ամիս է՝ սկսել է պարապունքները։
Ռազմինֆոն այսօր ներկա էր ՀՀ ԶՈւ Հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապունքներին:
Զորավարժության հայ մասնակիցներին մոտավորապես ներկայացվել է, թե ինչ է սպասվում Բելառուսում։ Սակայն ինչպես հրամանատարական կազմն է նշում, բոլոր տեսակի հրահանգավորումները կտրվեն տեղում։
«Մեր գործն ամեն հարցում մարզված անձնակազմ ուղարկելն է, իսկ թե այնտեղ վարժություններից որը կընտրվի, դեռ պարզ չէ։ Կարևորը մեր զինծառայողները տիրապետում են իրենց գործին»,- բացատրում է հրամանատարական կազմը։
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները պարաշյուտային թռիչքներ արեցին 800 մետր բարձրությունից՝ այնպիսի բարձրությունից, որքան որ պահանջվելու է նաև Բելառուսում։
Նշենք, որ նրանցից յուրքանչյուրը հարկադիր վայրէջք կատարեց, այսինքն՝ պարաշյուտը բացվեց օդում հայտնվելուց 3 վրկ անց։ Որից հետո 15 մետր բարձրության վրա զինծառայողները զենքով և սաղավարտով կատարեցին դեսանտավորում պարանային տարբերակով։
Թռիչքները ներքևից ղեկավարում էր ՀՀ ԶՈւ Ավիացիայի վարչության որոնողափրկարարական և պարաշյուտադեսանտային ծառայության պետ, գնդապետ Թևոս Իլիկչյանը , իսկ ուղղաթիռից ՝ ՊՆ զորամասերից մեկի որոնողափրկարարական և պարաշյուտադեսանտային ծառայության պետ, կապիտան Քրիստինա Իլիկչյանը։
Ըստ Թևոս Իլիկչյանի՝ թռիչքները կատարվեցին անթերի։ «Տղաների պատրաստվածությունը լավ է, մնում է այնտեղ բարեհաջող ելույթ ունենան ու ներկայացնեն մեր պետությունը»,- նշեց Իլիկչյանը։
Բելառուս մեկնող զորախմբի զինծառայողների հետ մարզվում էին նաև Հայաստանի պարաշյուտիստային ֆեդերացիայի անդամները, որոնք թռչում էին 800-1700 մետր բարձրություններից, ինչպես նաև փորձում պարանային դեսանտավորման վարժություններ։
Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 18-27 պլանավորված զորավարժությանը մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զորախմբերը։
Նշենք, որ «Փոխհամագործակցություն-2012»-ն անցյալ տարի անցկացվեց Հայաստանում։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ, ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ միացյալ շտաբի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության վարչության ուղղության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Ալեքսեյի Ուստինովին և այլ բարձրաստիճան զինվորականներ։
Նկարները՝ Սոսե Մուրադյանի