ԱՊՀ-ի «Միր» հեռուստաալիքը օգոստոսին անցկացված հայ-ռուսական համատեղ զորավարժությանը նվիրված ռեպորտաժ է հեռարձակել, որը բավական ուշագրավ նորություն է պարունակում։Օգոստոսի 19-24-ն Ալագյազի լեռնային զորավարժարանում ընթացած զորավարժության մասին պատմող ռեպորտաժից հետո հաղորդավարը նշում է, որ զորավարժության ընթացքում կիրառվել է նաև խոշոր տրամաչափի 2Ս7 «Պիոն» ինքնագնաց հրետանային համակարգը։
Հաղորդման մեջ չի հստակեցվում, թե արդյոք այդ համակարգերը հայկական, թե ռուսական կողմին են պատկանում, սակայն նախկինում երբևէ ոչ հայկական բանակում, ոչ էլ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում «Պիոններ» չեն եղել։
203 մմ 2Ս7 «Պիոն» ինքնագնաց հրետանային համակարգը սպառազինության է ընդունվել 1976 թվականին։ Ներկայումս այն սպառազինության մեջ գտնվող ամենահզոր փողային հրետանային համակարգն է աշխարհում։ Համակարգն ունի բեկորային, բեկորա-ֆուգասային և միջուկային արկեր։ Հեռահարությունը կազմում է մինչև 37.5 կմ, իսկ ակտիվ-ռեակտիվ արկերով` մինչև 47.5 կմ։