Կրեմլում շտապել են հերքել տեղեկությունը, թե Ռուսաստանը պատրաստվում է Իրանին առաջարկել Ս-300ՎՄ Անթեյ-2500 ՀՕՊ համակարգեր՝ պայմանագրով հաստատված Ս-300ՊՄՈւ1 համակարգերի փոխարեն։
Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Վլադիմիր Պուտինը հնարավոր գործարքի կետերը մշակելու վերաբերյալ որևէ կարգադրություն չի արել։
Նշենք, որ ավելի վաղ ռուսական «Կոմերսանտ» պարբերականը տեղեկություն էր տարածել, թե ՌԴ նախագահը սեպտեմբերի 13-ին Բիշքեքում կայանալիք հանդիպման ժամանակ կարող է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին առաջարկել 5 դիվիզիոն Անթեյ-2500 զենիթահրթիռային համակարգ, եթե պաշտոնական Թեհրանը Ժնևի արբիտրաժային դատարանից հետ վերցնի «Ռոսօբորոնէքսպորտի» դեմ 4 մլրդ դոլար պահանջով հայցը։
Հիշեցնենք, որ 2007 թվականին Իրանն ու Ռուսաստանը պայմանագիր էին կնքել Ս-300ՊՄՈւ-1 համակարգեր ձեռք բերելու վերաբերյալ։ Պայմանագրի մոտավոր արժեքը 800 մլն ամերիկյան դոլար էր։
Իրանական աղբյուրների տեղեկություններով՝ Թեհրանը պատվիրել էր առնվազն 5 միավոր նման համակարգ։
Սակայն ՀՕՊ համակարգերն այդպես էլ չեն տրամադրվել Իրանին, ինչն արդեն բազում տարաձայնությունների պատճառ է հանդիսացել Մոսկվայի և Թեհրանի միջև։
ՌԴ-ն Ս-300-երի ուշացումը պատճառաբանում է ՄԱԿ ԱԽ սահմանած բանաձևերով, որոնք արգելում են իրանական կողմին հանձնել մի շարք զինատեսակներ, այդ թվում, ըստ ռուսական կողմի, նաև Ս-300 ՀՕՊ համակարգերը։
2010 թվականին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր էր ստորագրել, որով սահմանափակվում էր Իրանի հետ ռազմական համագործակցությունը՝ միևնույն ժամանակ վավերացնելով ՄԱԿ ԱԽ բանաձևերն ու վերջնականապես արգելելով Ս-300-ՊՄՈւ-1-երի վաճառքը։
Իրանը 2011 թվականին դիմել է Ժնևի միջազգային արբիտրաժային դատարան ընդդեմ «Ռոսօբորոնէքսպորտի»՝ պայմանագիրը չկատարելու համար։ Իրանական կողմը ռուսներից 4 մլրդ ամերիկյան դոլար է պահանջում։
Վերջին շրջանում մամուլում հայտնվում են տեղեկություններ, թե ռուսական կողմը Ս-300ՊՄՈւ-ի փոխարեն Իրանին առաջարկել այլ ՀՕՊ համակարգեր, այդ թվում նաև «Տոր-մ1Է», սակայն Թեհրանը հրաժարվում է և պահանջում պայմանագրով սահմանված զինատեսակը։
2013 թվականի օգոստոսի վերջին Ալմազ Անթեյ» կոնցերնի նախագահ Վլադիսլավ Մենշիկովը հայտարարեց, որ Իրանի համար նախատեսված Ս-300ՊՄՈւ-1 զենիթահրթիռային համակարգերը քանդել են, դրանց մասերն օգտագործել այլ ծրագրերի համար, իսկ մնացած մասն էլ որպես թափոն հանձնել։
Նշենք, որ Ս-300 զենիթահրթիռային համակարգերի արտադրությամբ զբաղվում է «Ալմազ Անթեյ» կոնցերնը, իսկ արտահանման և միջազգային պայմանագրերի հարցերով պատասխանատու է «Ռոսօբորոնէքսպորտը»։