Զինվորին աչքից զրկած ենթասպայի հանդեպ մեղադրանքը խստացվել է

«Եղնիկներ» զորամասի ենթասպա Արմեն Թովմասյանի դեմ առաջադրված մեղադրանքը խստացվել է: Հիշեցնենք, որ նա շղթայով հարվածել և մարմնական ծանր վնաս էր հասցրել ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանին. վերջինս զրկվել էր աչքից:

ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը Razm.info-ի հետ զրույցում հայտնեց, որ ավելի վաղ Արմեն Թովմասյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով: Այն է. « Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)` պատժվում են ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»:

Վերոնշյալ մեղադրանքին՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքների ստացումից հետո, հունվարի 23-ին ավելացել է ևս մեկ: Այն է՝ ՀՀ Քր. Օր.-ի 112 հոդվածի 1-ին մասը. « Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում` զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում` պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»:

Նշենք, որ աչքից զրկվելու հետևանքով Նարեկ Ավետիսյանը պետք է ազատվի զինծառայությունից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *