Ֆրանսիան պնդում է իր դիրքորոշումը, ՌԴ-ն խոսում է Սիրիայի քիմիական զենքը հանձնելու նախապայմանից

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը ֆրանսիական RTL ռադիոալիքի եթերում կրկին անդրադարձել է Սիրիայի հակամարտությանն առնչվող հարցերին։
Սիրիացի ապստամբներ

Նա շեշտել է, որ Ֆրանսիան հետ չի կանգնում Բաշար Ասադի վարչակարգի դեմ ռազմական գործողություններ սկսելու մտքից, քանի որ համոզված է՝ «քիմիական զենքը Սիրիայում կիրառել են կառավարական զորքերը»։

Նրա խոսքերով՝ Սիրիայում ռազմական միջամտության սպառնալիքը թույլ կտա Ասադի վրա ճնշում գործադրել, որպեսզի վերջինս Ժնևում «Սիրիայի ընդդիմության հետ բանակցությունների սեղանի շուրջ նստի »։

Լորան Ֆաբիուսը, մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ամերիկյան «Նյու Յորք Թայմզ» պարբերականին տված հարցազրույցը, հավաստիացրել է, որ ռուսական վարկածը Սիրիայի զինյալների՝ քիմիական զենք կիրառելու վերաբերյալ իրեն չի համոզում։ Նա իրականությունից հեռու է համարել նաև Պուտինի այն զգուշացումները, որ Սիրիայի զինված խմբավորումներն ունակ են քիմիական հարձակում կազմակերպել նաև Իսրայելի դեմ։

Իր դիրքորոշումը Ֆաբիուսը փորձել է հիմնավորել՝ ընդգծելով՝ «քիմիական զենքը կիրառել է կառավարությունը. նա միակն էր, որ ուներ քիմիական զենքի պաշարներ ու հետաքրքրված էր դրանք օգտագործելու հարցում»։

Միևնույն ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Աստանայում հայտարարել է՝ Սիրիայի կառավարության՝ քիմիական պաշարների հանձնումը միջազգային հանրությանը հնարավոր է, եթե Արևմուտքը հրաժարվի ռազմական գործողություններ սկսելու մտքից։ Նա հույս է հայտնել, որ Ժնևում կքննարկվի Սիրիայի քիմիական պաշարների հարցը՝ այդ շրջանակներում որոշում կայացնելով նաև հակամարտության խաղաղ լուծումների վերաբերյալ։

«Բնականաբար անհրաժեշտ է ապահովել Սիրիայի միանալը քիմիական զենքի կիրառումն արգելող կոնվենցիային»,-վկայել է Լավրովը։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ժնևում Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին բանակցելու են Սիրիայում քիմիական զենքը միջազգային կառույցների վերահսկողությանը հանձնելու գործընթացի մանրամասների շուրջ։

Հավելենք, որ ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների համար Սիրիային հնարավոր հարված հասցնելուն առիթ է ծառայել օգոստոսի 21-ին Դամասկոսի Ղուտա շրջանում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Արևմտյան տերությունները քիմիական հարձակման պատասխանատու են համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն պաշտոնական Դամասկոսը, ինչպես նաև Մոսկվան, հերքում են սիրիական կառավարության մասնակցությանը միջադեպին՝ դրանում մեղադրելով Ասադի հակառակորդ զինյալներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *