Ֆրանսիայում նախարարներին արգելել են օգտվել սմարթֆոններից՝ անվտանգության համար

Ֆրանսիայի նախարարներին արգելված է կիրառել սմարթֆոններ՝ գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար։ Այս մասին հաղորդում է «Էքսպրեսս» օրաթերթը, որի թղթակիցներից մեկին հաջողվել է ծանոթանալ օգոստոսին վարչապետ Ժան Մարկ Էյրոյի՝ նախարարներին ուղղված ցուցումներին։Սմարթֆոն

Փաստաթղթում ընդգծված է, որ հուլիս-օգոստոս ամիսներին Ֆրանսիայում ու աշխարհի տարբեր երկրներում գրանցվել են մեծ թվով էլեկտրոնային հարձակումներ, որոնց նպատակն էր բջջային կապից գաղտնի տեղեկություններ քաղելը։

Ըստ փաստաթղթի՝ ծառայողական մակարդակի ցանկացած, նույնիսկ աննշան թվացող տեղեկություն կարող է փոխանցվել միայն ANSSI-ի՝ Տեղեկատվական համակարգերի ազգային գործակալության տերմինալներից։

Փաստաթղթում շեշտվում է, որ ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկությունը չպետք է դուրս գա համապատասխան կառույցների շրջանակներից։

Նախարարների ցուցումներում հատուկ նշված է նաև, որ առավելապես ազգային պաշտպանական-ռազմական ոլորտի տեղեկություններն ու տվյալները, որոնք ունեն հույժ գաղտնի դասակարգում, կարող են փոխանցվել բացառապես դրանց համար նախատեսված սարքավորմամբ։ Խոսքը գնում է «Թեորեմ» բջջային հեռախոսների մասին, որոնք ունեն վերծանման ու «Իզիս» ներքին փակ համակարգեր։

Փաստաթղթից հետևում է, որ նախարարները զգուշավորություն պետք է ցուցաբերեն մասնավորապես միջազգային ամենատարբեր կառույցների շենքերում, օդանավակայաններում, հյուրանոցներում, ինտերնետ-սրճարաններում, որտեղ ավելի հեշտ է գաղտնալսել ու ձայնագրել նրանց հեռախոսազրույցները։

Արձագանքելով պարբերականի հրապարակմանը՝ վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստաթուղթը «առանձնապես նորություն չէ, դրանք սովորական կանոններ են, որ տարիներ շարունակ եղել են ու պետք է պահպանվեն»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *