Սեպտեմբերի 10-ին Լոնդոնի DSEI-2013 միջազգային ռազմական ցուցահանդեսում ֆիննական Patria ընկերությունը ներկայացրել է իր նոր New Vehicle Concept անիվային զրահապատ պլատֆորմի օրինակը, որը Patria AMV զրահափոխադրիչի հետագա զարգացումն է:
Մեքենան ունի 8×8 ընթացամաս ու պաշտպանվածության ավելի բարձր մակարդակ: Մեքենայի առավելագույն քաշը կարող է հասցվել 30 տոննայի, իսկ արդյունավետ քաշ է համարվում 13 տոննան: Իրանի կառուցվածքը հանգուցային (մոդուլային) է, ինչը թույլ կտա պլատֆորմի հիմքի վրա տարբեր մեքենաներ ստեղծել:
Մեքենան ունի 8,4մ երկարություն, 2,8մ լայնություն ու 2,4մ բարձրություն: Մեքենայի վրա տեղադրված է 612 ձիաուժանոց շարժիչ: Առավելագույն արագությունը կարող է հասնել 100կմ/ժ-ի, իսկ երթի պաշարը կկազմի 600-ից 1000 կիլոմետր: Անձնակազմը 2 հոգի է, հետնամասում կարող է 10 դեսանտայինի տեղ սարքավորվել:
Ցուցահանդեսի ժամանակ ցուցադրված օրինակի վրա տեղադրված է եղել Saab Trackfire հեռակառավարվող մարտական մոդուլ, որի կազմում եղել են 25 մմ ավտոմատ թնդանոթ ու 7,62 մմ գնդացիր: Մեքենայի վրա կարող է տեղադրվել տարբեր տեսակի սպառազինություն, մինչև իսկ 120 մմ թնդանոթ:
Նախագծողի տեղեկություններով նոր մեքենան 2013-ին անցել է փորձարկումների առաջին փուլը, հաջորդ՝ ավելի ինտենսիվ փուլը նախատեսված է իրականացնել 2014-ին:
Մեքենայի պաշտոնական անվանումը կհայտնվի հաջորդ տարի Փարիզում կայանալիք Eurosatori 2014 ռազմական ցուցահանդեսի ժամանակ: