Ուկրաինայի «Ազատություն» ազգային կուսակցության պատգամավորներն առաջարկել են օրինականացնել ՊՆ-ի վերահսկողության ներքո գտնվող հողային տարածքների կիրառումը գյուղատնտեսական նպատակներով։ Համապատասխան օրինագիծը քննարկվելու է Գերագույն Ռադայում։
Նշենք, որ վերջինիս հեղինակներ են Եվգենի Մելնիկը, Իգոր Սաբին, Յուրի Բուբլիկն ու Ռուսլան Մարցինկովը։ Նրանք շեշտում են, որ ժամանակին երկրի պաշտպանական-ռազմական ներուժի հզորացման համար տրամադրված տարածքների մասը ներկայումս որևէ նպատակի չի ծառայում։ Խոսքը գնում է մասնավորապես ռազմական սովխոզների հողերի մասին, որոնք կիրառելի են գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելու համար։
Այս հողատարածքների հանձնումը գյուղական համայնքներին բարդ է, քանի որ դեռևս գոյություն չունի այս առնչությամբ որևէ օրենք։ Ուստի, համաձայն օրինագծի հեղինակների՝ հողատարածքները մնում են ամայի ու անմշակ կամ էլ կոռուպցիոն գործողությունների շրջանակներում մաս-մաս տրամադրվում են անհայտ անձանց։
Իրավիճակը շտկելու նպատակով պատգամավորներն առաջարկում են կառավարությանը մինչև 2014-ի հունվարի 1-ը մշակել ՊՆ պատկանելիք հողատարածքների՝ գյուղատնտեսական նկատառումներով շահագործման կարգը։ Բացառված չի համարվում նաև այդ հողատարածքների վարձակալման հնարավորությունը։
Հիշեցնենք, որ 2012-ի վերջին պաշտպանության նախարար Պավել Լեբեդևը հայտարարել էր ՊՆ հողատարածքների վաճառքի հավանականության մասին։ Նա շեշտել էր, որ կարելի է վաճառքի հանել այն հողատարածքները, որոնք չեն օգտագործվում, դնել դրանք աճուրդի, իսկ ստացված եկամուտը տրամադրել զինծառայողների համար կացարանների կառուցման կամ գնման գործընթացին։