ԱՄՆ ՌՕՈւ կստանա վերջին C-17 բեռնատար ինքնաթիռը

«Բոինգ» ընկերությունն առաջիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերին կհանձնի վերջին C-17 «Գլոուբմասթեր-3» (C-17 Globemaster III) բեռնատար ինքնաթիռը։
Հանդիսավոր արարողությունը նախատեսվում է անցկացնել Կալիֆոռնիա նահանգի Լոնգ Բիչ քաղաքում «Բոինգի» գործարանում։

C-17 Globemaster III. Քուվեյթի ՌՕՈւ։ Լուսանկարը՝ airliners.net կայքի

C-17 Globemaster III. Քուվեյթի ՌՕՈւ։ Լուսանկարը՝ airliners.net կայքի

Միացյալ Նահանգների զինված ուժերն առաջին C-17-ը ստացել է 1993 թվականին։ Մինչ օրս ամերիկյան բանակին հատկացվել է 222 ինքնաթիռ։ Պայմանագրով վերջին 223-րդ ինքնաթիռն արտադրման վերջին փուլում է և առաջիկայում կհանձնվի ԶՈւ-ին։

«Բոինգը» կշարունակի արտադրել C-17 ինքնաթիռ արտասահմանյան գնորդների համար, մասնավորապես, Հնդկաստանի համար, որը պատվիրել է 10 միավոր ինքնաթիռ, որից 3-ն արդեն ստացել է։

Բացի ԱՄՆ-ից և Հնդկաստանից, C-17 ինքնաթիռներ են գնել Ավստրալիան (6 միավոր), Կանադան (4 միավոր), ԱՄԷ (6 միավոր), Մեծ Բրիտանիան (8 միավոր) և ՆԱՏՕ-ն (3 միավոր)։

Այսպիսով, ընդհանուր առմամբ ներկայում շահագործվում է 256 միավոր C-17 բեռնատար ինքնաթիռ։

«Բոինգ» ընկերությունում հույս ունեն, որ առաջիկայում նոր պատվերներ կստանան արտասահմանից։

Նշենք, որ C-17 «Գլոուբմասթեր-3» բեռնատար ինքնաթիռը կարող է տեղափոխել մինչև 80 տոննա բեռ կամ 150 զինծառայող:
Առաջին թռիչքը կատարել է 1991 թվականին։ Մեկ միավոր մոտավոր արժեքն է 220 մլն ամերիկյան դոլար։ Առավելագույն արագությունը 860 կմ/ժ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *