ՌԴ-ն Իրանին Անթեյ-2500 ՀՕՊ համակարգ կառաջարկի

Ռուսաստանը կարող է Ս-300ՊՄՈւ-1 զենիթահրթիռային համակարգերը փոխարինելու ևս մեկ տարբերակ առաջարկել Իրանին, եթե Թեհրանը կատարի ռուսների նախապայմանը։
Ռուսական կողմը պաշտոնական Թեհրանին կարող է առաջարկել 5 դիվիզիոն Ս-300ՎՄ «Անթեյ-2500» զենիթահրթիռային համակարգ, ինչի դիմաց ՌԴ-ն կպահանջի, որպեսզի Իրանը Ժնևի արբիտրաժային դատարանից հետ վերցնի «Ռոսօբորոնէքսպորտի» դեմ հայցը, որը կապված է ռուսների՝ Իրանին Ս-300ՊՄՈւ-1 ՀՕՊ համակարգեր տրամադրելու պայմանագիրը չկատարելու համար։

Ս-300ՊՄՈւ-1-ի բաղադրիչ

Ս-300ՊՄՈւ-1-ի բաղադրիչ

Այս հարցը նախատեսվում է քննարկել սեպտեմբերի 13-ին Բիշքեքում Շանխայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարների համաժողովի ժամանակ, որի ընթացքում նախատեսված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա իրանցի պաշտոնակից Հասան Ռոուհանիի հանդիպումը տեղեկացնում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը։

Աղբյուրը նաև հավելում է, թե հավանականությունը մեծ է, որ իրանյան կողմը կընդունի ռուսների այս առաջարկը։

Հիշեցնենք, որ 2007 թվականին Իրանն ու Ռուսաստանը պայմանագիր էին կնքել Ս-300ՊՄՈւ-1 համակարգեր ձեռք բերելու վերաբերյալ։ Պայմանագրի մոտավոր արժեքը 800 մլն ամերիկյան դոլար էր։

Իրանական աղբյուրների տեղեկություններով՝ Թեհրանը պատվիրել էր առնվազն 5 միավոր նման համակարգ։

Սակայն ՀՕՊ համակարգերն այդպես էլ չեն տրամադրվել Իրանին, ինչն արդեն բազում տարաձայնությունների պատճառ է հանդիսացել Մոսկվայի և Թեհրանի միջև։
ՌԴ-ն Ս-300-երի ուշացումը պատճառաբանում է ՄԱԿ ԱԽ սահմանած բանաձևերով, որոնք արգելում են իրանական կողմին հանձնել մի շարք զինատեսակներ, այդ թվում, ըստ ռուսական կողմի, նաև Ս-300 ՀՕՊ համակարգերը։
2010 թվականին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր էր ստորագրել, որով սահմանափակվում էր Իրանի հետ ռազմական համագործակցությունը՝ միևնույն ժամանակ վավերացնելով ՄԱԿ ԱԽ բանաձևերն ու վերջնականապես արգելելով Ս-300-ՊՄՈւ-1-երի վաճառքը։
Իրանը 2011 թվականին դիմել է Ժնևի միջազգային արբիտրաժային դատարան ընդդեմ «Ռոսօբորոնէքսպորտի»՝ պայմանագիրը չկատարելու համար։ Իրանական կողմը ռուսներից 4 մլրդ ամերիկյան դոլար է պահանջում։
Վերջին շրջանում մամուլում հայտնվում են տեղեկություններ, թե ռուսական կողմը Ս-300ՊՄՈւ-ի փոխարեն Իրանին առաջարկել այլ ՀՕՊ համակարգեր, այդ թվում նաև «Տոր-մ1Է», սակայն Թեհրանը հրաժարվում է և պահանջում պայմանագրով սահմանված զինատեսակը։
2013 թվականի օգոստոսի վերջին Ալմազ Անթեյ» կոնցերնի նախագահ Վլադիսլավ Մենշիկովը հայտարարեց, որ Իրանի համար նախատեսված Ս-300ՊՄՈւ-1 զենիթահրթիռային համակարգերը քանդել են, դրանց մասերն օգտագործել այլ ծրագրերի համար, իսկ մնացած մասն էլ որպես թափոն հանձնել։
Նշենք, որ Ս-300 զենիթահրթիռային համակարգերի արտադրությամբ զբաղվում է «Ալմազ Անթեյ» կոնցերնը, իսկ արտահանման և միջազգային պայմանագրերի հարցերով պատասխանատու է «Ռոսօբորոնէքսպորտը»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *