Օբաման Սիրիայի հարցով ուղերձ է հղել Կոնգրեսին ու ԱՄՆ քաղաքացիներին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խնդրել է Կոնգրեսին հետաձգել Սիրիայում ռազմական գործողություններ ծավալելու վերաբերյալ բանաձևի քննարկումը, որպեսզի «Ռուսաստանին ժամանակ հատկացվի Սիրիայի հետ բանակցություններ վարել՝ քիմիական զենքի պաշարները միջազգային վերահսկողությանը հանձնելու ուղղությամբ»։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա

«Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով Սենատի անդամների մեկնաբանություններին, գրում է, որ Օբաման միևնույն ժամանակ այդ քայլով կստուգի՝ որքանով են լուրջ ՌԴ-ի վերջին մտադրությունները Սիրիայի հարցում։

Իր հերթին Սենատում դեմոկրատական մեծամասնության ղեկավար Հարրի Ռիդն ասել է, որ ռազմական միջամտության հավանականության քննարկումներն անկախ ամեն ինչից շարունակվելու են։ Նրա խոսքերով՝ Սիրիայի վերաբերյալ քննարկումը կհետաձգվի նվազագույնը մինչև մյուս շաբաթ։

Նշենք, որ AP գործակալության տեղեկություններով՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է՝ բավարար չէ Սիրիային հասցվելիք հավանական հարվածը կանխելու համար քիմիական պաշարները հանձնել միջազգային հանրությանն ու դրանց կիրառումն արգելափակող պայմանագիր ստորագրել։ Քերին շեշտել է, որ Բաշար Ասադը պետք է պատրաստակամություն հայտնի ոչնչացնել քիմիական թունավոր նյութերն ու երկխոսություն սկսել ընդդիմության հետ։

Հավելենք նաև, որ սեպտեմբերի 10-ին՝ Կոնգրեսին քննարկման կոչ անելուց հետո, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունեցել՝ Սիրիայի հետ առնչվող ուղերձներ հղելով Միացյալ Նահանգների բնակչությանը։ Իր երկրի քաղաքացիներին նախագահը հավաստիացրել է, որ ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը Սիրիայի հարցում չի փոխվել. իրենք ձգտում են խաղաղ ճանապարհով հակամարտության լուծումներին, սակայն կասկած անգամ չունեն՝ քիմիական զենք է կիրառվել, իսկ դա հակասում է ԱՄՆ ազգային գաղափարախոսությանն ու սպառնալիք է երկրի ազգային անվտանգության համար։ Նախագահն ընդգծել է՝ եթե նույնիսկ ծավալվեն ռազմական գործողություններ, ապա դրանք լինելու են կարճատև՝ առանց ցամաքային զորքերի մասնակցության։

Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ այս ելույթը նպատակ ուներ այս կամ այն կերպ ազդել Կոնգրեսի կողմից կայացվելիք որոշման վրա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների համար Սիրիային հնարավոր հարված հասցնելուն առիթ է ծառայել օգոստոսի 21-ին Դամասկոսի Ղուտա շրջանում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Արևմտյան տերությունները քիմիական հարձակման պատասխանատու են համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն պաշտոնական Դամասկոսը, ինչպես նաև Մոսկվան, հերքում են սիրիական կառավարության մասնակցությանը միջադեպին՝ դրանում մեղադրելով Ասադի հակառակորդ զինյալներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *