Ֆիլիպինյան «Մորո» ազգային-ազատագրական ճակատի զինյալները մի քանի տասնյակ պատանդ են վերցրել Մինդանաո կղզու Զամբոանգ քաղաքում։ Ոստիկանության տվյալներով՝ զինյալների ձեռքում մոտ 300 պատանդ կա, որոնք չեն կարողացել փախչել մարտական գործողությունների տարածքից։ Իսկ Զամբոանգի քաղաքապետը հայտարարել է, որ ահաբեկիչները բռնել են ավելի քան 170 մարդու։
Սակայն հենց ֆիլիպինցի զինյալները հայտարարել են, որ իրենց մոտ ընդամենը 35 խաղաղ բնակիչ կա, հավելելով, որ հատուկ են այդ մարդկանց ճանապարհից վերցրել, քանի որ վախեցել են, թե իշխանական զինյալները կարող էին նրանց սպանել մարտական գործողությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է BBC News-ը։
Ֆիլիպինցի զինյալներն այդ քաղաքում են սեպտեմբերի 9-ից, բայց իշխանական զորքերի հետ ընդարումներից արդեն մահացել է 8 և վիրավորվել 24 մարդ։
Ըստ AP-ի՝ զինյալները քաղաք են մտել, որ քաղաքապետարանի գլխին իրենց դրոշը դնեն, բայց իշխանությունները դրա մասին իմացել և փակել էին քաղաք եկող ճանապարհները։
«Մորո» ազգային-ազատագրական ճակատը հիմնադրվել է 1971 թվականին՝ մուսուլմանական ինքնիշխանությունը Մինդանաո կղզում մեծացնելու, ավելին՝ անկախ պետականություն ստեղծելու համար։ Չնայած 1996 թվականից այս կազմակերպությունը համարվում է օրինական, բայց դրա անդամների մի մասը շարունակում է ահաբեկչական պայքարը։