Հնդկական ջրերում ձերբակալվել է Իրաք ուկրաինական ԲՏՌ-ներ փոխադրող նավը

Ուկրաինական ԲՏՌ-4 զրահափոխադրիչները, որոնք վերջապես փոխադրվում էին Իրաք, հիմա էլ ձերբակալվել են հնդկական նավի կողմից Հնդկաստանի ջրային տարածքներում։ Բեռնված նավը Իրաքին կամ Ուկրաինային վերադարձնելու համար պահանջվում է կես միլիոն ԱՄՆ դոլար։

Նշենք, որ դեռ մեկ ամիս առաջ պաշտոնական Բաղդադը հրաժարվել էր ընդունել Խարկովում արտադրվող ԲՏՌ-4 զրահափոխադրիչների հերթական խմբաքանակը, ինչի պատճառով փոխադրող նավը Պարսից ծոցից լողալով գնացել էր Հնդկաստանի ափեր՝ ԲՏՌ-ները բեռնաթափելու համար։

Հետաքրքիրն այն է, որ ուկրաինական կողմը փոխադրող նավի սեփականատիրոջը պատվիրել է հարցը լուծել։ Ինչպես տեղեկացնում են ուկրաինական աղբյուրները՝ հղում անելով սինգապուրյան նավը վարձակալած Օդեսսայի Varmar ընկերության տնօրենին՝ կողմերից և ոչ մեկը դեռևս չի համաձայնել վճարել հնդկական կողմի տուգանքը։ Իսկ եթե տուգանքը չվճարվի, ապա ողջ բեռը կմնա Հնդկաստանին որպես 70 հազար տոննա մետաղ։

Հիշեցնենք, որ 2009 թվականին Իրաքն ու Ուկրաինան կնքել են 450 միավոր ԲՏՌ-4 Իրաքին մատակարարելու մասին պայմանագիր։ Ըստ համաձայնության՝ զրահափոխադրիչները պատվիրատուին պիտի հասնեին մինչև 2012 թվականի մարտը։

Առաջին 100 միավոր տեխնիկան Իրաք է հասել 2010 թվականին, ևս 42 միավոր մատակարարվել է այս տարվա գարնանը, սակայն այդ խմբաքանակի որակի հետ կապված իրաքյան կողմը դժգոհություններ է ունեցել։ Ըստ այդմ՝ իրաքյան կողմը հրաժարվում էր ընդունել Պարսից ծոցի միջազգային ջրային տարածքում կանգնածԲՏՌ-4-երով բեռնված սինգապուրյան SE PACIFICA նավը։

Մինչ հարցը կլուծվեր, ուկրաինական կողմը հրաժարվում էր վճարել բեռնափոխադրող ընկերությանը նավը հավելյալ օրեր զբաղեցնելու համար, և ընկերությունն արդեն սկսել էր բեռից «ազատվելու» ուղիներ փնտրել։ Մասնավորապես չէր բացառվում, որ նավը կբեռնաթափվի երրորդ երկրի նավահանգստում, ինչից հետո տեխնիկան կարող էր բեռնափոխադրողի միջնորդությամբ կալանքի տակ հայտնվել։

Մեկ ամիս տևած բանակցություններից հետո, Իրաքը վերջապես համաձայնեց ընդունել զրահափոխադրիչները։ Ըստ տարածված տեղեկությունների՝ ուկրաինացիներն առաջարկել էին ընդունել տեխնիկան, ինչից հետո ուկրաինական մասնագետները կժամանեն Իրաք և տեղում կվերացնեն տեխնիկական թերությունները։ Ենթադրվում է նաև, որ տեխնիկան ընդունվելու էր նկատելի զեղչով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *