Ադրբեջանում Արցախյան պատերազմի մասնակիցների ցուցակը վերանայելու են

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հղում տալով Ադրբեջանի զորակոչի ու մոբիլիզացիայի պետական ծառայության սեփական աղբյուրներին, գրում է՝ մոտ ժամանակներս Ադրբեջանի մարդկային կորուստներն Արցախյան պատերազմում կվերանայվեն։

Ընդ որում, համաձայն աղբյուրի՝ «Արցախյան պատերազմում զոհված ադրբեջանցիների թիվը կկրճատվի, քանի որ այդ շարքում ընդգրկվել են պատահական մարդիկ՝ ռազմաճակատից հեռու, ավտովթարներում մահացածներ, ռազմական գործողություններին անմիջական մասնակցություն չունեցած անձինք»։

Նոր ցուցակներում ներառվելու են ադրբեջանցիներ, որոնք մարտական գործողություններին մասնակցել են։ Այս նպատակով էլ, ըստ աղբյուրի, մինչև ընթացիկ տարվա վերջ Ադրբեջանի զորակոչի ու մոբիլիզացիայի պետական ծառայության աշխատակիցներն այցելելու են հին ցուցակներում ընդգրկված, զոհված կամ սպանված քաղաքացիների հարազատներին՝ ունեցած տեղեկությունները հստակեցնելու համար։ Նոր կազմված ցուցակն ամփոփելուց հետո տեղադրվելու է զորակոչի ու մոբիլիզացիայի պետական ծառայության պաշտոնական կայքում։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ նոր ցուցակում ներառելու են նաև հրադադարի պայմանագրի կնքումից հետո սահմանին «զոհված» զինծառայողներին։
Ինչպես գիտենք, Ադրբեջանն Արցախի պատերազմի ու ներկայումս հրադադարի ռեժիմի հետևանքով զոհված կամ սպանված իր ԶՈւ զինծառայողներին ներկայացնում է որպես «շեհիդներ»։ Ընդ որում, շատ հաճախ ադրբեջանական մամուլում «շեհիդ» են անվանում նույնիսկ ոչ մարտական պայմաններում սպանված զինծառայողների։

Նշենք, որ Ադրբեջանը կիրառում է «շեհիդ» բառը զուտ քարոզչական նպատակներով։ Խնդիրն այն է, որ «շեհիդ»-ն արաբերեն բառ է, նշանակում է «թշնամիների դեմ պատերազմում հանուն Ալլահի զոհված հավատացյալ»։ Վերջին շրջանում բառը կիրառում են իսլամիստական ահաբեկչական խմբավորումների զինյալները՝ սեփական կորուստների մասին խոսելիս, ինչպես նաև Ադրբեջանը՝ փորձելով Արցախյան պատերազմի ու սահմանային միջադեպերի հետևանքով մարդկային կորուստները բնորոշել՝ որպես «հանուն Ալլահի կյանքը տված զինվորների»։ Նպատակը տպավորություն թողնելն է, որ Արցախյան պատերազմը կռիվ էր իբր «հանուն Ալլահի»՝ այսինքն` «մուսլուլմանական աշխարհի» «անհավատների»՝ հայերի դեմ։

ԱՊԱ-ն շեշտում է նաև, որ նոր ցուցակը կփաստի՝ Ադրբեջանն ավելի քիչ կորուստ է կրել պատերազմում, քան մինչ այդ հրապարակվում էր։
Փորձենք հասկանալ Ադրբեջանի այս քայլի իրական պատճառները։

Դեռևս սեպտեմբերի 9-ին Միլլի Մեջլիսի՝ սոցիալական քաղաքակության գծով պետական հանձնաժողովի նախագահ Հադի Ռաջաբլին հայտարարել էր. «Պետությունը պատրաստ է աջակցել ու սոցիալապես ապահովել Արցախյան պատերազմի վետերաններին, սակայն նրանց դասակարգել է պետք, քանի որ մեկ օր ռազմաճակատում կռվածին ու 5-6 տարի մարտնչողին մենք բնորոշում ենք նույն «վետերան» անունով»։ Ռաջաբլին նշել է, որ ներկա դրությամբ Ադրբեջանում կա Արցախյան պատերազմի շուրջ 60 հազար գրանցված վետերան։

Հավելենք, որ օգոստոսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն «շեհիդների» ընտանիքների նախագահական ամսական նպաստը 2013-ի սեպտեմբերի 1-ից բարձրացվելու է՝ կազմելո 200 մանաթ (256 ԱՄՆ դոլար)։ Հարկ է նշել, որ այս հրամանագիրը ստորագրվել է նախընտրական թեժ շրջանում։

Ուշագրավ է, որ դեռևս ընթացիկ տարվա հունիսից ադրբեջանական մամուլում քննարկման թեմա է վետերանների թվի անհասկանալի նվազումները։ Նախարարության պաշտոնական տվյալներով՝ Արցախի պատերազմի վետերանների թիվը ներկա դրությամբ 49,892 է, մինչդեռ 2012-ին այն 50, 978 էր, իսկ 2011-ին՝ մոտ 76 հազար:

2013-ի մայիսի 24-ին Միլլի Մեջլիսում պատգամավոր Էլման Մամեդովն իր ելույթում հայտնել էր, որ Ադրբեջանում Արցախյան պատերազմի վետերաններին հատկացված օգնությունը չնչին է՝ կոչ անելով խորհդարանին այս խնդիրը պահել ուշադրության կենտրոնում:

Եվ այս խոսքերն անհիմն չէին. հուլիսի 29-ին 1991-1994 թթ. Արցախյան պատերազմում Ադրբեջանի անհայտ կորած զինվորականների ավելի քան 100 ընտանիք Սահմանադրական դատարանի շենքի առջև ցույց էր կազմակերպել՝ պահանջելով իրենց հատկացված ապահովագրական վճարները՝ վկայելով, որ առանց դրանց իրենք հայտնվել են ճգնաժամային ֆինանսական վիճակում։

Ստացվում է՝ Ադրբեջանում փորձում են արհեստականորեն նվազեցնել վետերանների թիվը, ուստի մամուլում ու պաշտոնական աղբյուրներում միմյանց հակասող տվյալներ են հայտնվում։ Որքան քիչ թվով վետերաններ գրանցված լինեն, պետությունը թերևս գումարներ կխնայի, իսկ որպեսզի այդ գործընթացը չհանգեցնի հասարակական դժգոհության, նոր ցուցակներ կազմելու որոշում են կայացրել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *