ԱՄՆ ռազմածովային ուժերը սեպտեմբերի 7-ին նավատորմի մարտական կազմում ընդգրկեցին նաև «Վիրջինիա» դասի միջուկային SSN-783 «Մինեսոտա» սուզանավը։
Սուզանավի կառուցումը սկսվել էր դեռ 2008 թվականին Վիրջինիա նահանգում, իսկ ջուրն է իջեցվել 2012 թվականի հոկտեմբերի 27-ին։
Նշենք, որ սուզանավը ԱՄՆ ՌԾՈւ-ին է հանձնվել այս տարվա հունիս ամսին՝ պայմանագրում նախանշված ժամանակից 11 ամիս շուտ։
«Վիրջինիա» դասի միջուկային սուզանավերը հատուկ ստեղծվել են սուզանավերի, նավերի հետ պայքարի, հատուկ գործողություններ, հետախուզություն իրականացնելու համար։ Սուզանավը կարող է իր գործողությունները ծավալել նաև առափնյա ծանծաղ ջրերում։ Ամերիկյան կողմը որպես առավելություն է նշում սուզանավի հնարավորինս աննկատելի լինելը։
Նշենք, որ SSN-774 «Վիրջինիա» դասի գլխավոր սուզանավը սպառազինության է հանձնվել 2004 թվականի հոկտեմբերի 23-ին։
«Վիրջինիա» դասի միջուկային սուզանավի երկարությունը 114 մետր է, լայնությունը 10,4, իսկ ջրատարողությունը՝ 7835 տոննա։ Անձնակազմը 134 հոգուց է բաղկացած։ Սուզանավը զինված է «Տոմահաուկ» տիպի թևավոր հրթիռներով, ստորջրյա անօդաչու սարքավորումներով, ծովային ականներով։