ԱՄՆ Սենատը հետաձգել է Սիրիայի հարցով սպասվող քննարկումը

ԱՄՆ Սենատը հետաձգել է Սիրիայում ռազմական գործողությունների հարցի քննարկումը։ Ինչպես հաղորդում է CNN հեռուստաընկերությունը, Վերին պալատի դեմոկրատ մեծամասնության ղեկավար Հարրի Ռիդը հայտարարել է՝ սկզբնականշրջանում ծրագրում էին քննարկումը ծավալել սեպտեմբերի 11-ին, սակայն որոշեցին հետաձգել, որպեսզի «նախագահ Բարաք Օբաման ժամանակ ունենա ամեն մի սենատորին մանրամասն ներկայացնել իր դիրքորոշումը»։

Հավելենք, որ սենատորը հանդես է եկել հայտարարությամբ սեպտեմբերի 9-ին, երբ հայտնի է դարձել Սիրիայի պաշտոնական դրական արձագանքը քիմիական զենքի պաշարները միջազգային կառույցների վերահսկողությանը հանձնելու ռուսական կողմի առաջարկին։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հանրային կարծիքի ինստիտուտը (IFOP) օրերս սոցհարցում էր անցկացրել։ Հետազոտությունը ցույց է տվել, որ սեպտեմբերին Ֆրանսիայի բնակչությունն առավել թերահավատորեն է վերաբերում Սիրիային հասցվելիք հարվածին, քան թե օգոստոսին։ Օգոստոսի 59% ցուցանիշի համեմատ՝ ընթացիկ ամսում Սիրիայում ռազմական միջամտությանը Ֆրանսիայի մասնակցությանը դեմ է հարցվածների 68%-ը։

Ավելի վաղ IFOP-ն հարցում էր անցկացրել Գերմանիայում, որտեղ հարցվածների 63%-ը դեմ էր Սիրիայում ռազմական գործողությունների ծավալմանը, իսկ 77%-ը՝ Գերմանիայի մասնակցությանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *