20 տարի առաջ Արցախյան ազատամարտին մասնակցած ջոկատներից էր նաև «Ազգային լեգիոնը», որի կազմում կռվում էին «մերժվածները»: Իսկ թե ինչու «մերժվածները»՝ Razm.info-ն պարզեց ջոկատի անդամ, ռազմադաշտային մտավորական Մկրտիչ Տոնոյանից, ով այդ կերպ բնութագրեց ջոկատում ընդգրկվածներին:
— Մեր ջոկատի տղաներով հանդիպել էինք Թատերական հրապարակում 1988-89 թվականներին: Դեռ 15-16 տարեկան էինք, երբ շարժումը սկսվեց:
Մենք էլ շատերի պես ուզում էինք մեկնել ճակատ, բայց փոքր էինք ու ջոկատներում չէին ընդունում: Ստացվեց, որ մեծերից «մերժվածներով» հանդիպեցինք: Մենք՝ Զեյթունի թևից, 6 հոգի էինք, այլ համայնքներից էլ կային տղաներ, ովքեր մեզ պես «մերժված» էին ու ստեղծեցինք «Ազգային լեգիոնը»: Բայց քանի որ կռվել չգիտեինք՝ դիմեցինք աֆղանական պատերազմի վետերաններին, որ մեզ կռվել սովորեցնեն: Պարապմունքների արդյունքում իրենց լավ դրսևորածները պետք է դառնային «Ազգային լեգիոնի» անդամ: Փաստորեն, ունեինք ջոկատ, որտեղ ոչ բոլորն ընդգրկվելու իրավունք ունեին: Ջոկատի անդամահավաքից հետո կազմում ընդգրկվեցին անգամ 10-րդ դասարանցիները: Մեր ջոկատի հիմնական հրահանգիչներից էր Դուշման Վարդանը, իսկ մեզ մարզողը աֆղանական ջոկատի անդամներից էր՝ Լևոն Գևորգյանը, ով առավել հայտնի է որպես Մասիսի Լյովա: Նա պարաշյուտային սպորտի ներկայացուցիչ էր ու կազմակերում էր թռիչքների դասեր, հետագայում դարձավ մարտական գծով առաջին տեղակալը և մինչև վերջ եղել է մեզ հետ: Սկզբում մեր հրամանատարն էր Սմբատ Հակոբյանը: Վարժանքների ժամանակ շեշտը դրվում էր ոչ միայն ուժի, այլև գաղափարական կողմի վրա, իսկ մարտի դաշտում ինքնաբուխ վարքականոն էր ստեղծվում:
— Իսկ որո՞նք էին վարքականոնի հիմնական կետերը:
— Դրանք շատ էին՝ բարձրացրու, մի վախեցիր, օգնիր… Գրված-մատուցված գաղափարախոսություն չկար, քանի որ բոլորս քաջ գիտակցում էինք, որ թշնամին ժառանգական էր, իսկ մենք երիտասարդ ու ակտիվ էին, ժառանգական պայքարի սերունդ էինք և նոր գաղափարախոսության կարիք չունեինք:
— Իսկ, օրինակ՝ Ձեր ջոկատում ինչպե՞ս ձևավորվեց հրամանատարական կազմը, կա՞ր ազատ ընտրություն, զինվոր-հրամանատար հարաբերություններն ինչպիսի՞ն էին:
— Մենք ունեինք ազատ ընտրության հնարավորություն, իսկ հրամանատարի դերը կոորդինացնելն է եղել: Եթե մենք այդ ժամանակ, օրինակ, ուզեինք հետ գալ Երևան՝ ոչ ոք մեզ հետ չէր պահի: Ինչ վերաբերում է զինվոր-հրամանատար հարաբերություններին կամ պատժին՝ ամենամեծ պատիժը մարտին մասնակցելու հնարավորությունից զրկվելը կլիներ, քանի որ բոլորը կամավոր էին ու մեկնել էին ճակատ հանուն հայրենիքի: Բայց նշեմ, որ պատժի դեպքեր չեն եղել: Ինչ վերաբերում է կենտրոնացած հրամանատարությանը՝ 1991թվականի մայիսին ստեղծվեց Պաշտպանության կոմիտեն, որը պետք է բաշխեր, կոորդինացներ: Սակայն, կոմիտեն էական գործունեություն չուներ, զենք էլ չի մատակարարել. զենքը մենք էինք հայթայթում: Ինչ վերաբերում է ռուսների կողմից մեզ զենք մատակարարել-չմատակարարելու մասին խոսակցություններին՝ ասեմ, որ ռուսներից զենք չենք ստացել:
— Եղա՞ն օպերացիաներ, որոնց գնում էիք՝ այնքան էլ չհավատալով, որ կհասնեք հաջողության:
— Ո՛չ, ես չեմ հիշում նման բան, հաղթանակը մինչև մարտը մեր մտքում էր: Կռվի ժամանակ վախ ու սարսափ եղել է, սակայն մեր ջոկատում դա որպես խաղ էինք դիտում, քանի որ մանկության ընկերներով էինք, ովքեր դեռ փոքր տարիքում սիրում էին կռիվ-կռիվ խաղալ: Կարող եմ ասել հակառակը` մասնակցեցինք Շուշիի հետախուզությանը, բայց Շուշիի օպերացիան իրականացվեց առանց մեզ: Պատճառն այն էր, որ մեզ կապ տվեցին Գորիսի շրջանի Շուրնուխ գյուղից, որտեղով անցնում էր Գորիս-Կապան ճանապարհը և հայտնեցին, որ Կապանի մի քանի բնակիչներ ճանապարհին հարձակման էին ենթարկվել: Նրանց օգնության էին հասել Շուրնուխում տեղակայված ՄՀՕՋ-ի (Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ) տղաները և մարտը խորացել էր: Անհրաժեշտ էին լրացուցիչ ուժեր ոչ միայն այդ մարտի, այլև Վերին Ջլբուկլի գյուղի մոտակայքի ճանապարհահատվածը կրակահերթի տակ պահող կրակակետերը ոչնչացնելու համար: Մենք՝ ՄՀՕՋ-ի տղաների հետ գործողությունը փայլուն կատարեցինք:
— Ո՞րն եք համարում Ձեր ջոկատի ամենամեծ հաղթանակը:
— Մենք հաղթում էինք, քանի որ դրա համար մեծ կամք ունեինք ու հավատում էինք մեր հաղթանակին: Օրինակ, ավելի ուշ, երբ մարտի դաշտում միացան շտաբային գիտելիքով մարդիկ՝ նրանք նկարագրեցին այնպիսի իրավիճակ, երբ օրինակ Խոջալուի օպերացիային պետք է մասնակցեր 2000-3000 մարդ, սակայն մենք 10 անգամ ավելի քիչ էինք, իսկ զոհերը հաշվարկվում էին 200 հոգի: Նման հաշվարկները մեծ աղմուկ բարձրացրեցին և մեր հրամանատարությունը հրաժարվեց նման մոտեցումից: Ղարաբաղյան պայքարը «բոյևիկ» չի եղել ու մասնակցում էին տարբեր մասնագիտության և կարողությունների տեր մարդիկ: Բայց մեր ամենակարևոր հաղթանակն այն էր, որ կարողացանք հաղթահարել մեր վախը օսմանյան զենքի հանդեպ: Հետո՝ մասնակից լինելով անկախության կերտմանը, խոսելու իրավունք ձեռք բերեցինք, քանի որ դրա համար ավելի մեծ ներդրում էինք ունեցել:
— Փոքրաթիվ մարտիկներով ու նվազ զինտեխնիկայով՝ հաղթանակը որքանո՞վ էր սպասելի:
— Մի քիչ զարմանալի է, բայց հայի համար այդ պայմաններում հաղթելը ասես օրինաչափություն է դարձել: Ես այսօր եմ պատկերացնում աշխարհազորի հաղթանակը, իսկ մինչ գնալը միշտ զարմանում էի նման հաղթանակներից: Սա ֆենոմեն է, որը ուսումնասիրման կարիք ունի:
— Ժամանակի ընթացքում ոմանք փորձեցին աղավաղել Արցախյան ազատամարտի հերոսի կերպարը: Այսօր նման խնդիր տեսնու՞մ եք, որտեղի՞ց են դրանք գալիս:
— Ինչպես արդեն նշեցի՝ Արցախյան ազատամարտին մասնակցեցին տարբեր տեսակի, տարբեր հեղինակության մարդիկ: Կային նաև անհաջող ընտանիք ունեցողներ, կամ այնպիսիք, ովքեր ճակատ էին մեկնում ինչ-որ խնդրից խուսափելով, բայց բոլորն էին հասկանում թշնամու ժառանգականությունը և նրան պատասխան տալու անհրաժեշտությունը, սակայն ոչ բոլորն էին նման քայլի պատրաստ: Մարդիկ էլ, ովքեր անձամբ չգնացին՝ գնացողին դիտում են որպես քայլող «պռետենզիա» իրենց հանդեպ, և տեղի է ունենում նման հակառեակցիա:
— Երբեմն լսում ենք բանակում գրանցված ոչ կանոնադրային հարաբերությունների մասին: Որպես մի մարդ, ով զինծառայության տարիքում ոչ թե մեկնեց ծառայության, այլ պատերազմ՝ որո՞նք եք համարում այսօր առկա խնդիրների պատճառը:
— Բանակը ես դիտարկում եմ որպես պատերազմ՝ խաղաղության ժամանակ: Այնտեղ միշտ արտակարգ իրավիճակ է և պետք են արտակարգ լուծումներ: Զինվորի դաստիարակությունը չպետք է պատկանի ՊՆ-ին, քանի որ ՊՆ-ն պատասխանատու է զինվորի մարտական պատրաստավածության համար, իսկ մարտունակությունը դաստիարակության խնդիր է: Եթե զինվորը վատ կրակի՝ պատասխանատու կլինի ՊՆ-ն, անդիաստիարակ լինի՝ մենք բոլորս պատասխանատվություն կրենք: Այսօր սխալ եմ համարում ռազմական ոստիկանության միջոցով զինվոր-սպա հարաբերությունների ճշգրտումը: Զինվորներն այն տարիքում են, որ կարող են շատ հիմարություններ անել, դրա համար պետք է խնդիրները լուծվեն զորամասում: Այսօր խեղճացրել են սպաների դիրքերը և զինվորների հարազատներին թույլ են տալիս միջամտել բանակի ներքին գործերին: Ոչ կանոնադրային հարաբերությունները տեղի են ունեցել գնդերում, որտեղ կա հազարից ավելի մարդ և բոլորը եռուն երիտասարդներ են: Այլ զսպող բան լինել չի կարող, քան հրամանատարից ունեցած պատկառանքն ու վախն է: Մեծ մասը բանակ է գնում՝ իրեն այնտեղ ինչ-որ կերպ պահելու ծրագրով: Բայց, կարծում եմ, որ մտավորականության՝ բանակ մտնելով շատ խնդիրներ կլուծվեն, պետք է լինի սահման, որից այն կողմ անցնելն անթույլատրելի լինի: Այսօր մենք ունենք անհարգալից վերաբերմունք այն ինստիտուտի հանդեպ, որը մեր այսօրվա գոյության երաշխավորն է: Բոլորը սպասելիքներ ունեն բանակից՝ առանց նրան տալու: Սակայն, բանակն այս պետության երեխան է, որին խնամք է պետք: Խորհրդայի բանակում զինվորին այնպես էին դաստիարակում, որ հայի համար Բաշկիրիան էլ էր հայրենիք դառնում:
— Ինչպիսի՞ն կլիներ Մկրտիչ Տոնոյան նկարիչը, եթե չմասնակցեր պատերազմին:
— Ես ինձ համարում եմ ռազմադաշտային մտավորական, եթե պատերազմին մասնակցած չլինեի՝ կլինեի մտավորական, բայց իմ նմանները կայացել են ռազմադաշտում և թույլ եմ տալիս ինձ անվանել ռազմադաշտային մտավորական: Իմ ամբողջ կյանքը կապված է պատերազմի հետ՝ ամուսնություն, ընկերներ, ամեն, ամեն ինչ: Պարզապես ես՝ ես չէի լինի:
One response to “Մկրտիչ Տոնոյան. «Ես ռազմադաշտային մտավորական եմ»”