Սիրիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Գերմանիայի արձագանքը՝ Լավրովի հայտարարությանը

«Ռոյթերս» լրատվական գործակալությունը սեպտեմբերի 9-ին տեղեկացրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում խոսել է Ռուսաստանի առաջարկի վերաբերյալ իր լուրջ կասկածների մասին։ Այնուհանդերձ, Քերիի խոսքերով՝ իրենք չեն պատրաստվում հրաժարվել Կոնգրեսի՝ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու գաղափարին սպասվելիք աջակցությունից։

ԱՄՆ պետքարտուղարը խոստովանել է, որ իր՝ ավելի վաղ հնչեցրած հայտարարությունները Սիրիային օդային հարած հասցնելու մտքից հրաժարվելու վերաբերյալ, եղել են պարզապես «հռետորաբանություններ», ուստի չպետք է ընկալվեն ՌԴ-ի կողմից՝ որպես «լուրջ առաջարկ»։

Ինչպես և սպասվում էր, պաշտոնական Վաշինգտոնին դուր չի եկել Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմի՝ արագ ու դրական արձագանքը ռուսական կողմի առաջարկին։
Բացի այդ, համաձայն AFP-ի տեղեկությունների՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս հավանություն է տվել ՌԴ-ի նախաձեռնությանը։ Նա հույս է հայտնել, որ տվյալ առաջարկը ոչ միայն ժանանակ շահելու միջոց է, այլև դրան հետևելու են հստակ ու կառուցողական քայլեր։

Դրական է նաև Ֆրանսիայի արձագանքը. արտգործնախարար Լորան Ֆիբուսը հայտարարել է՝ առաջարկն արժանի է դիտարկման, և «որոշ կանոնների պահպանման դեպքում» կարելի է ընդունել։

Նշենք, որ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սեպտեմբերի 9-ին հայտնել է իր տեսակետը հարցի առնչությամբ։ Նա վկայել է, որ պաշտպանում է Սիրիայի քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու Ռուսաստանի նախաձեռնությունը, բայց այդ առաջարկը չպետք է կասեցնի ԱՄՆ-ի կողմից հավանական ռազմական գործողությունների նախաձեռնությունը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն առաջարկել էր Սիրիայի կառավարությանը քիմիական պաշարների վերահսկողություննն ամբողջությամբ վստահել միջազգային կառույցներին, իսկ քիմիական թունավոր նյութերը ոչնչացնել։ Սիրիայի ԱԳՆ-ն անմիջապես համաձայնել էր առաջարկին։
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ մինչ Սիրիայի արտգործնախարարության պատասխանի հնչելը Ջոն Քերին հայտարարել էր՝ Սիրիայի՝ օդային հարվածներից խուսափելու նախապայմանը քիմիական զենքի պաշարներից հրաժարվելն է։

Փաստորեն, Սիրիայի պաշտոնական արձագանքից հետո Քերին սեփական խոսքերը որակում է «հռետորաբանություն»՝ միաժամանակ հիշեցնելով, որ իրենց դեռևս սպասում են Կոնգրեսի որոշմանը։

Հավելենք, որ ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է ընթացիկ շաբաթվա մեջ քննարկել Սիրիայի հակամարտությանը ռազմական միջամտություն ցուցաբերելուն վերաբերող բանաձևը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների համար Սիրիային հնարավոր հարված հասցնելու համար առիթ է ծառայել օգոստոսի 21-ին Դամասկոսի Ղուտա շրջանում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Արևմտյան տերությունները քիմիական հարձակման պատասխանատու են համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն պաշտոնական Դամասկոսը, ինչպես նաև Մոսկվան, հերքում են սիրիական կառավարության մասնակցությանը միջադեպին՝ դրա համար մեղադրելով ապստամբներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *