Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մոտակա մի քանի օրերի ընթացքում Վոլգոգրադի մերձակայքում անցկացնելու է ՏՕՍ-1«Բուրատինո» ծանր հրանետային համակարգի նոր թերմոբարիկ արկի փորձարկումները։
«Ռիա Նովոստի» լրատվական գործակալության տվյալներով՝ փորձարկումներն անցկացվելու են «Պրուդբոյ» զորավարժարանում։
Բացի այդ, անցկացվելու են արդիականացված ռեակտիվ հրանետ «Շմել-Մ»-ի փորձարկումները։ Վերջինս ունակ է խոցել մինչև 1,7 կմ-ի վրա տեղակայված պայմանական հակառակորդի թեթև զրահատեխնիկան և դարանակալած հակառակորդին։
Նշենք, որ «ՏՕՍ»-ի համար նախատեսված նոր տերմոբարիկ արկն առանձնանում է կրակի ավելացված հեռահարությամբ, և, ըստ աղբյուրի՝ թիրախների խոցման դիպուկությամբ։ Մասնավորապես, «Բուրատինոյի» սովորական արկերի համեմատ՝ կարող է հարվածել երկու անգամ ավել հեռավորության՝ մինչև 6 կմ-ի վրա տեղակայված թիրախներին։ Ընդ որում, արկի հզորությունը մարտական մասի ավելացման շնորիվ աճել է 15-20%-ով։
Նոր արկի առաջին փորձարկումները կայացել են 2012-ի ապրիլին։
Հավելենք, որ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետը ստեղծված է «Բուրատինոյի» հիմքի վրա։ Համակարգը ներառում է ԲՄ-1 մարտական մեքենան՝ 220 մմ տրամաչափի վառվող ու տերմոբարիկ հրթիռների համար նախատեսված արձակման կայանով։ Տոս-1-ն ընդգրկում է նաև ՏԶՄ-Տ տրանսպորտային-լիցքավորող մեքենան։
«Սոլնցեպեկ» համակարգն ունակ է խոցել 3,6-6 կմ հեռավորության վրա տեղակայված թիրախները, իսկ ազդեցության տարածությունը կազմում է 1000-2000 կմ²։