ԱՄՆ-ն մեկ շաբաթ է տվել Սիրիային, իսկ ՌԴ-ն շարունակում է մեղադրել զինյալներին

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է այն մասին, թե Սիրիան ինչպես կարող է խուսափել ռազմական գործողություններից։

«Ռոյթերս» լրատվական գործակալության տվյալներով՝ Քերին խորհուրդ է տվել Սիրիայի կառավարությանը մեկ շաբաթվա ընթացքում քիմիական զենքի ողջ պաշարների վերահսկողությունը «հանձնել միջազգային հանրությանը»՝ միաժամանակ շեշտելով՝ դժվար թե Սիրիան համաձայնի նշված նախապայմանին։

Քերին հավելել է, որ ԱՄՆ ղեկավարությունը հստակ գիտակցում է, որ Սիրիայի հակամարտության լուծումը քաղաքական հարթակում պետք է փնտրել։

Հավելենք, որ այս հայտարարություններն արվել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հետ բանակցություններից հետո։ Հեյգն էլ իր հերթին ասել է, որ ԱՄՆ-ն այս հարցում կարող է հույս դնել Մեծ Բրիտանիայի վրա՝ չնայած որ իրենք հրաժարվել են Սիրիայում հավանական ռազմական գործողություններին մասնակցելուց։

Այսօր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի իր պաշտոնակցի հետ զրույցից հետո հայտարարել է, որ Սիրիայում ռազմական ցանկացած միջամտություն հաստատապես հանգեցնելու է ամբողջ աշխարհում ահաբեկչության կտրուկ աճին։ Լավրովը, անդրադառնալով քիմիական զենքի կիրառման թեմային, ասել է՝ անհրաժեշտ է, որպեսզի ՄԱԿ-ի փորձագետները վերադառնան Սիրիա ու շարունակեն հետաքննությունը, սական ՌԴ-ն, միևնույն է, ունի մեծ թվով անհերքելի ապացույցներ՝ Սիրիայում քիմիական զենք ու քիմիական թունավոր գազ կիրառել են զինյալները, նույնիսկ տեսագրել են կիրառման ընթացքը։

Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սեպտեմբերի 2-ին հարցազրույց էր տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին։ Նա անտրամաբանական էր համարել կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի հավանական օգտագործումը՝ փաստելով՝ «ինչպե՞ս կարող է բանակը կիրառել քիմիական զենք այն վայրում, որտեղ տեղակայված են սեփական ուժերը, զինվորականները կարող են վիրավորվել, կառավարությունն ինքը կարող է կորուստներ կրել քիմիական զենքի օգտագործման հետևանքով»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *