ՌԴ կարող է 2014-ին Չինաստանին Սու-35 կործանիչներ վաճառել

«Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունն ու Չինաստանի պաշտպանության նախարարությունը կարող են պայմանագիր կնքել՝ 2014 թվականին չինական կողմին 24 միավոր Սու-24 կործանիչ տրամադրելու վերաբերյալ։

Սու-35Ս

Սու-35Ս

Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վիկտոր Կոմարդինը հայտարարել է, որ ներկայումս կողմերը բանակցում են ինքնաթիռի տեխնիկական հնարավորությունների շուրջ։ Բացի այդ, քննարկվում է կործանիչների կախովի սարքավորումների գնման հավանականությունը, սակայն դրանք Չինաստանը թերևս կգնի նոր պայմանագրի շրջանակներում։

Նշենք, որ Չինաստանն արդեն մի քանի տարի բանակցություններ է վարում Սու-35 կործանիչներ գնելու ուղղությամբ։

Ընդ որում, սկզբնական շրջանում Չինաստանի զինվորականները ծրագրում էին ձեռք բերել 48 միավոր նոր մարտական ինքնաթիռներ, այնուհետև որոշում կայացրին սահմանափակվել 4 միավոր Սու-35-երով։

Հավելենք նաև՝ սկզբանական շրջանի բանակցությունները տապալվեին այն պատճառով, որ ռուսական կողմն իր համար տնտեսապես ոչ շահավետ համարեց կործանիչների նման քանակի վաճառքը։ Պատճառներից մեկն էլ ՌԴ-ի մտավախությունն էր, որ Չինաստանը կարող է պատճենել գնված կործանիչների սարքավորումներն ու համանման ինքնաթիռների արտադրություն հիմնել։

Այդ ընթացքում ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը վկայել էր՝ Սու-35 կործանիչների պայմանագիրը Չինաստանի համար կլինի ոչ թե արտոնագրային, այլ զուտ վաճառքի։ Դա նշանակում է՝ Չինաստանը ստանալու է պատրաստի կործանիչներ՝ առանց դրանք իր տարածքում արտադրելու իրավունքի։ Պայմանագրի ենթադրյալ արժեքն է 1,5 մլրդ դոլար։

Հիշեցնենք, որ դեռևս 2013-ի մարտին ՉԺՀ-ի ղեկավար Սի Չզինպինը հայտարարել էր՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ 24 միավոր Սու-35-երի ու 4 միավոր 677 նախագծի «Լադա» սուզանավեր գնելու վերաբերյալ։

Սու-35-ը ռուսական արտադրության ռեակտիվ, գերմանևրային բազմաթիրախային, 4++ սերնդի կործանիչ է, որն արտադրվում է «Սուխոյ» ընկերության գործարաններում։ Այն Սու-27-ի հիմնովին արդիականացված տեսակն է։ Թևերի բացվածքը 14,75 մ է, բարձրության վրա առավելագույն արագությունը՝ 2500 կմ/ժ, թռիչքի հեռահարությունը՝ 4500 կմ։ Զինված է 30 մմ տրամաչափի ԳՇ-30-1 ավիացիոն թնդանոթով ու հրթիռներով, մարտական բեռնվածությունը՝ 8000 կգ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *