PKK-ն դադարեցրեց Թուրքիայի տարածքից դուրսբերումը

«Քրդստանի համայնքների միությունը» (KCK) հայտարարել է, որ Թուրքիայից PKK-ի դուրսբերումը դադարեցվում է, իսկ հրադադարի ռեժիմը, այնուամենայնիվ, կշարունակի գործել։ Քրդական ռազմաքաղաքական կառույցն իր այս որոշումը հիմնավորել է նրանով, որ Թուրքիայի կառավարությունը քրդական հարցում որևէ հստակ քայլ չի կատարել։

KCK-ն իր տարածած հայտարարությունում ընդգծել է, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) դուրսբերման գործընթացի դադարեցման մեղավորը Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կազմած կառավարությունն է, որը չի կատարում իր պարտավորությունները։

KCK-ում նաև շեշտել են, որ իրենք դադարեցնում են միայն դուրսբերման գործընթացը, իսկ մայիսին հայտարարված հրադադարը շարունակելու է պահպանվել իրենց կողմից։

Վերջին շրջանում KCK-ն հաճախ էր դժգոհություն արտահայտում Թուրքիայի կառավարության անգործությունից՝ սպառնալով դադարեցնել խաղաղ կարգավորման գործընթացը, որը համարվում է պատմական շրջան թուրք-քրդական երկարատև հակամարտությունում։

Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումը: Այն հայտնի է նաև մի շարք այլ անուններով, այդ թվում նաև HPG անունով։

Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ) Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։

Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ սկսել է  1984 թվականին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է 45 հազարից ավել մարդ:

Շուրջ 30 տարի զինված պայքարից հետո 2013 թվականի մարտին Դիարբեքիրում ընթերցվեց կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը, որով նա կոչ էր անում PKK-ին վայր դնել զենքը, լքել Թուրքիայի տարածքը և անցնել քաղաքական պայքարի։

Մայիսի 8-ից պաշտոնապես սկսվեց PKK-ի դուրսբերումը Թուրքիայի տարածքից։ Սպասվում էր, որ կազմակերպությունն ամբողջովին կլքի Թուրքիան աշնան առաջին ամիսներին։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ PKK-ի հիմնական հատվածն արդեն լքել է Թուրքիայի տարածքը։

One response to “PKK-ն դադարեցրեց Թուրքիայի տարածքից դուրսբերումը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. սեպտեմբերի 8-14 | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *