Ֆրանսիայի ու Գերմանիայի բնակչության մեծ մասը դեմ է Սիրիայում ռազմական միջամտությանը

Ֆրանսիացիների 2/3-ից ավելին դեմ է իրենց երկրի՝ Սիրիայում հավանական ռազմական միջամտության մասնակցությանը։
Ինչպես հաղորդում է ֆրանսիական Le Figaro-ն, Ֆրանսիայի հանրային կարծիքի ինստիտուտը (IFOP) օրերս սոցհարցում է անցկացրել։

Հետազոտությունը ցույց է տվել, որ սեպտեմբերին Ֆրանսիայի բնակչությունն առավել թերահավատորեն է վերաբերում Սիրիային հասցվելիք հարվածին, քան թե օգոստոսին։ Օգոստոսի 59% ցուցանիշի համեմատ՝ ընթացիկ ամսում Սիրիայում ռազմական միջամտությանը Ֆրանսիայի մասնակցությանը դեմ է հարցվածների 68%-ը։

Բացի այդ, Սիրիայում առհասարակ ռազմական գործողություններ իրականացնելուն դեմ է նախորդ ամսվա 45%-ի փոխարեն 64%-ը։

Հավելենք, որ Ֆրանսիայի բնակչության մեծամասնության տեսակետը չի կիսում նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը, չսպասելով ՄԱԿ-ի փորձագետների զեկույցին, կոչ է արել Սիրիայում քիմիական հարձակման մեջ մեղավոր ճանաչել Բաշար Ասադի կողմնակիցներին ու աջակցել ԱՄՆ-ին՝ Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու հարցում։

Նշենք, որ ավելի վաղ IFOP-ն հարցում էր անցկացրել Գերմանիայում, որտեղ հարցվածների 63%-ը դեմ էր Սիրիայում ռազմական գործողությունների ծավալմանը, իսկ 77%-ը՝ Գերմանիայի մասնակցությանը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի ու Ֆրանսիայի հետախուզական ծառայություններըսեպտեմբերի 2-ին իրենց կառավարություններին ներկայացրել էին «վկայություններ» Սիրիայի իշխանությունների՝ Դամասկոսի մերձակայքում քիմիական հարձակման իրականացման վերաբերյալ։ Սակայն, ինչպես նշում է գերմանական Der Spiegel ամսագիրը, Բաշար Ասադի վարչակազմի «մեղքը քիմիական զենքի կիրառման հարցում ցույց են տալիս բազում վկայություններ, բայց անհերքելի ապացույցներ դեռևս չկան»։

Համաձայն «Ռոյթերս» լրատվական գործակալության տվյալների՝ Ֆրանսիան էլ որպես ապացույց ներկայացնում էր ընդամենը արբանյակից արված լուսանկարները, որտեղ, ըստ աղբյուրի, «ակնհայտ երևում է՝ քիմիական հարձակումը սկիզբ է առել կառավարական զորքերի կողմից վերահսկվող վայրից»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *