Սիրիայի քրիստոնեական գյուղն անցել է իսլամիստների հսկողության տակ

Սիրիայի Մաալուլա քրիստոնեական բնակավայրն անցել է ապստամբների հսկողության տակ։ Գյուղի բնակիչների մեծ մասը լքել է տները, սակայն տեղեկություններ են շրջանառվում, որ նրանց մի մասը շարունակում է մնալ գյուղում, իսկ իսլամիստ գրոհայինները սպանել են քրիստոնյաներից մի քանիսին։ Մաալուլայի մոտակայքում ծայրահեղ իսլամիստական «Ալ Նուսրայի ճակատ» խմբավորման և Սիրիայի զինված ուժերի միջև մարտեր են ընթանում վերջին մի քանի օրերին։

Ապստամբներն այն ընթացքում կարողացել են հաստատվել բնակավայրում, իսկ սիրիական զորքերը ճամբար են ստեղծել Մաալուլայի մոտակայքում, տեղեկացնում է անգլիական The Telegraph-ը` հղում կատարելով բնակիչների խոսքերին։

Սիրիական պետական SANA գործակալությունը հայտնում է, որ սեպտեմբերի 8-ին սիրիական զինուժը սկսել է գործողություն իրականացնել Մաալայում՝ հասնելով հաջողությունների։ AFP-ի տվյալներով՝ գյուղը շարունակում է մնալ իսլամիստների վերահսկողության ներքո։

Ականատեսները պատմում են, որ «ալ Նուսրայի ճակատը» առնվազն 5 քրիստոնյայի է սպանել, այրել է 1 եկեղեցի և թալանել մի քանիսը։ Նշենք, որ Մաալուլա գյուղը Դամասկոսի հյուսիս-արևելքում է։ Այն ունի հին ու հարուստ պատմություն։ Մաալուլայի բնակիչները խոսում են նոր արամեերեն լեզվի բարբառներից մեկով. Հիսուս Քրիստոսը նույնպես խոսել է արամեերենով։

Գյուղում շուրջ 3000 մարդ է ապրում։ Սիրիայում երկու տարուց ավել ընթացող քաղաքացիական պատերազմի ժամանակ գյուղն առաջին անգամ է հարձակման ենթարկվում ապստամբների կողմից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *