Գերմանիան միացավ ԱՄՆ-ի` Սիրիայի հարցում «կոշտ միջամտության» վերաբերյալ հայտարարությանը

Գերմանիան նույնպես միացել է Սիրիայի դեմ «կոշտ դիրքորոշմանն ու հակազդեցությանն» աջակցող երկրների շարքին: Համապատասխան հայտարարությունն արել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելեն:

«ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելն ու ես որոշել ենք միանալ համատեղ հայտարարությանը»,-սեպտեմբերի 7-ին նշել է Վեստերվելեն:

Համապատասխան հայտարարությունը, որը «կոշտ հակազդեցություն» է նախատեսում Սիրիայում անգամ առանց ՄԱԿ-ի թույլտվությանը, ստորագրվել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իսպանիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Ավստրալիայի, Հարավային Կորեայի կողմից: Գերմանիան դարձել է 12-րդ պետությունը, որը միացել է Միացյալ Նահանգների նախաձեռնած այս հայտարարությանը:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ գերմանական կողմը չի մասնակցի Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողություններին: Ամեն դեպքում, հայտարարությունում, որին միացել է Գերմանիան, նշված է «կոշտ միջամտություն» բառեզրը և ոչ «ռազմական գործողություններ»:

Հիշեցնենք, որ Դամասկոսի մերձակայքում օգոստոսի 21-ին քիմիական զենքի հավանական կիրառումը ստուգելու և քննելու նպատակով Սիրիա ժամանած ՄԱԿ փորձագետները լքել են երկիրը օգոստոսի 31-ին, սակայն դեռևս որևէ զեկույց չեն ներկայացրել։ Փոխարենը, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի պաշտոնյաները պարբերաբար կոչ են անում ռազմական գործողություններ սկսել Սիրիայում՝ չնայած որ Արևմուտքում այս հարցում միակարծություն չկա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *